Home / Հայաստան / 3 տարում Հայաստանից արտագաղթել է բնակչության 5 տոկոսը

3 տարում Հայաստանից արտագաղթել է բնակչության 5 տոկոսը

ՀՀ միգրացիոն ծառայության երեկ հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն, այս տարվա առաջին 11 ամիսներին Հայաստանից մեկնել է ավելի քան երկու միլիոն 53 հազար մարդ, իսկ ժամանել է մոտ մեկ միլիոն 981 հազար մարդ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ ներկայացնելով իրավիճակի վերլուծությունը:

«Այսպիսով, մեկնողների և ժամանողների թվի տարբերությունը` բացասական սալդոն, կազմել է 71 հազար 374 մարդ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում բացասական սալդոն կազմել է 64 հազար 917 մարդ:

Փաստորեն, անցած տարվա համեմատ, մեկնածների և չվերադարձածների թվի աճը երկնիշ է՝ մոտ 10 տոկոս: Հաշվի առնելով այս դինամիկան՝ պետք է սպասել, որ ամբողջ տարվա կտրվածքով չվերադարձածների թիվը կկազմի առնվազն 55 հազար մարդ: Անցած 3 տարվա մեկնումների և ժամանումների բացասական սալդոն համադրելով՝ կստանանք, որ այդ ընթացքում Հայաստանն անվերադարձ լքել է կամ, ավելի պարզ, արտագաղթել է մոտ 160 հազար մարդ, որը ՀՀ բնակչության ավելի քան 5 տոկոսն է», – նշում է թերթը: