Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է երեք տարի խնոջը խոշտանգած 54-ամյա Ավետիս Ավետիսյանի դեմ քրեական գործի քննությունը: Այսօր դատախազ Արիս Բարսեղյանը մեղադրանք է առաջադրել՝ միջնորդելով Ավետիսյանին մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2, 3 մասերով, և 118 հոդվածով (խոշտանգում, ծեծ) և ազատազրկել 3 տարով, ինչպես նաև բռնագանձել նրանից 100.000 դրամ:
Նախորդ նիստին Ավետիսյանի կինը՝ Նունե Ալեքսանյանը, հայտնել էր, որ ամուսինը պարբերաբար ծեծել է իրեն ալկոհոլի ազդեցության տակ: Ծեծի հետևանքով ինքը երկու անգամ վիժել է: Ավետիս Ավետիսյանի դեմ ցուցմունք են տվել նաև իր հորաքույրն ու վերջինիս ամուսինը, ում ևս Ավետիսյանը ծեծի է ենթարկել:
Այսօր դատախազն իր մեղադրական եզրակացության մեջ հիշեցրել է, որ Ավետիսը ծեծի է ենթարկել նաև իր հորը, քրոջը և մորը, այդ մասին բողոք է ստացվել ոստիակունութունում, սակայն կողմերը համաձայնության են եկել, և գործը կարճվել է:
«Զղջալու փոխարեն՝ ամբաստանյալը գործի ընթացքում փորձել է իրականությունը խեղաթյուրել և հերքել թե ծեծը, թե խոշտանգումը՝ փորձելով խուսափել խիստ պատժից»,- ասել է դատախազը:
Ավետիսյանն իր վերջին խոսքում հերքել է մեղքը: «Հորաքույրս ասել է, որ բողոքը հետ կվերցնի, եթե ես կոյուղին սարքեմ: Նույնը ասել է նաև Նունեն: Նա խոստացել է բողոքը հետ վերցնել, եթե ես երեխայի նկատմամբ իմ իրավուքներից հրաժարվեմ»,- ասել է նա:
Դատական նիստից հետո Նունե Ավետիսյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ցանկանում է, որպեսզի ամուսնուն ազատազրկեն և ինքը ապահով զգա իրեն: Ըստ նրա՝ Ավետիսը պարբերաբար սպառնում է, թե կսպանի իրենց 1 տարեկան 7 ամսական աղջկան: Նունե Ավետիսյանն ասել, որ Ավետիսին իր և երեխայի դեմ տրամադրել են, ասել են, թե իբր երեխան իրենից չէ, որ պետք է բաժանվի:
Դատարանը վճիռը կհրապարակի դեպտեմբերի 20-ին: