Երկուսից վեց տարվա ազատազրկման դատապարտված Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով երեկ դիմում է ներկայացվել Վճռաբեկ դատարան, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Նոյեմբերի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժել էր ակտիվիստներին 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին առաջին ատյանի դատավճիռը բեկանելու դիմումը: Վճռաբեկ դատարանն այս դիմումը վարույթ ընդունելու կամ մերժելու որոշումը պետք է կայացնի մեկամսյա ժամկետում:
Թերթն ընդգծում է, որ եթե Վճռաբեկ բողոքը երեկ չներկայացվեր, արդեն այսօր առաջին ատյանի դատարանի դատավճիռն ուժի մեջ կմտներ, և ստորագրությամբ ազատության մեջ գտնվող Սարգիս Գևորգյանը, Արտակ Կարապետյանը և Դավիթ Քիրամիջյանը կկալանավորվեին: