Նախագահի թեկնածու Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ նախագահ դառնալուց հետո վերացնելու է մեծամասնական ընտրակարգը և կարևորելու է սփյուռքի դերը, իսկ Հանրային խորհուրդը վերածելու է համազգային խորհրդի: Aravot.am-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Հովիկ Աղազարյանը նախկին դաշնակցական է, 1996-ին եղել է ՀՅԴ ԳՄ-ի նախագահ, բայց կարգապահական խախտումների համար նրան հեռացրել են Դաշնակցության շարքերից. «Չեմ ենթարկվել ղեկավարության որոշումներին»:
Աղազարյանն ընտրվելու իր շանսերը բարձր է գնահատում. «Օլիմպիադայի մասնակցություն չէ, որ ասենք՝ կարևորը մասնակցությունն է, ամեն թեկնածու մտածում է հաղթանակի մասին»:
Եթե չընտրվի, կհամախմբվի այն ուժերի շուրջ, որոնց համար ընդունելի կլինեն իր մոտեցումները և կշարունակի քաղաքական պայքարը:
Հարցին, թե ընտրողները կհասցնե՞ն ճանաչել իրեն, նա հիշեցրել է 1996-ի ընտրությունները. «Ընտրություններից 13 օր առաջ ոչ ոք չէր կասկածում Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակին, բայց նախագահ ընդունվեց Վազգեն Մանուկյանը: Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ չնախագահ: Երկու ամիս ունենք, դա մեծ ժամանակ է»:
Նախագահի թեկնածուն չի բացառել, որ կսատարաի այս կամ այն քաղաքական ուժի թեկնածուին. «Բացառում եմ ՀՀԿ-ական թեկնածուի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը սատարելը: ՀԱԿ-ում կան շատ անձեր, որոնց կսատարեի, օրինակ, Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը հաճույքով կպաշտպանեի»:
Իսկ եթե հասկանա, որ իր առաջադրմամբ կխանգարի ՀՅԴ-ի թեկնածուին անմիջապես կհանի իր թեկնածությունը:
Հիմնական մրցակից Հովիկ Աղազարյանը միայն ՀՀԿ թեկնածուին է համարում, իսկ թե որտեղից իրեն 8 միլիոն դրամ գրավը ընտրություններին մասնակցելու համար, ասաց. «Մեծ գումար չէ, որ խնդիրներ առաջացնի»:
Աղազարյանը գործազուրկ է. «Որդիս Սանկտ Պետերբուրգում շինարարական փոքր բիզնեսով է զբաղվում, դա օգնում է բարվոք ապրել»:
Հարցին, թե վերջին երկու տարիներին Հայաստանում չեք բնակվել, խնդիրներ չե՞ն առաջանա նախագահի թեկնածու գրանցվելու առումով, նա վստահեցրեց՝ ոչ: