ՀՀ ոստիկանության երկու աշխատակից և մեկ բժշիկ բերման են ենթարկվել կաշառք պահանջելու կասկածանքով, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Արտաշատ քաղաքի մի բնակիչ դեկտեմբերի 12-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում հայտարարություն է տվել, որ ինքը նույն օրը, թմրանյութ օգտագործելու կասկածանքով, ատամնաբուժարանից բերման է ենթարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունք, ապա տեղափոխվել նարկոլոգիական կենտրոն: Թմրանյութ օգտագործած լինելու հանգամանքը փորձաքննությամբ ի հայտ չբերելու և նրան քրեական պատասխանատվության չենթարկելու համար ոստիկանության ծառայողները նրանից պահանջել են 3000 դոլար, ինչին ինքը չի համաձայնել:
Համաձայն ոստիկանության մամուլի ծառայության, քիչ անց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է եկել նույն ատամնաբուժարանի բժիշկ Գևորգ Մարտիրոսյանը և ոստիկաններից մեկի հետ առանձնազրույցից հետո քաղաքացուն ասել, որ 2000 դոլար վճարելու դեպքում բոլոր հարցերը կարող են կարգավորվել: Ըստ պայմանավորվածության՝ 300 հազար դրամը պետք է տրվեր նույն օրը, իսկ մնացած գումարը՝ դեկտեմբերի 13-ին:
Քաղաքացուց կաշառք ստանալու կասկածանքով, ոստիկանության ներքին անվտանգության վարչություն բերման են ենթարկվել բաժանմունքի պետ Վաղինակ Վարդանյանը և օպերլիազոր Գևորգ Գևորգյանը: Բերման է ենթարկվել նաև ատամնաբուժարանի բժիշկ Գևորգ Մարտիրոսյանը, իսկ ավագ օպերլիազոր Էդուարդ Զաքարյանը կանչով ներկայացել է ոստիկանություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն: