Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վլադիմիր Գրիգորյանը 16 տարեկան աղջկան բռնաբարելու մեջ մեղադրվող Արմեն Պետրոսյանի գործով արդարացման վճիռ է կայացվել:
Պետրոսյանի քեռու աղջկա` Ալվարդ Սեդրակյանի դիմումի համաձայն՝ «Հաղթանակ» կամրջի տակ Պետրոսյանը իր հետ սեռական հարաբերություն է ունեցել, այնուհետև իր հետ ամուսնանալու և միասին ապրելու խոստում է տվել, ինքը տանից տատիկից գաղտնի վերցրել է նրա ոսկեղենը և տվել է Արմեն Պետրոսյանին, սակայն վերջինս տիրացել է ոսկեղենին, որն 1 միլիոն 450 հազար արժեք է ունեցել:
Datalex.am կայքի փոխանցմամբ՝ 25-ամյա Պետրոսյանին սպառնում էր 4 տարի ազատազրկում, սակայն դատավորն արդարացման դատավճիռ է ընդունել՝ հիմք ընդունելով այն, որ հանցանքի ապացույցներ դատաբժշկական փորձաքննությամբ չեն հայտնաբարվել:
Եզրակացության համաձայն` Ալվարդ Սեդրակյանի կուսաթաղանթը խախտված է, խախտումը հին է, այդ իսկ պատճառով որոշել խախտման վաղեմությունը հնարավոր չէ։
Պետրոսյանը, սակայն, մեղավոր է ճանաչվել գողությոն կատարելու մեղադրանքի մասով և դատապարտվել երեք տարի ազատազրկման՝ պարտավորվելով գողացված ոսկեղենի արժեքը վճարել:
Հիշեցնենք, որ ամբաստանյալի ու հայցվորի տատիկը՝ Սոֆյա Գրիգորյանը, ցուցմունքում նշել էր, որ կարի մեքենայի մեջ թաքցրած ոսկյա զարդերի բացակայության մասին ինքն իմացել է 2009թ. հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին, սակայն չի դիմել ոստիկանություն, քանի որ մտածել է, որ անիմաստ է ոստիկանությանը դիմելը, որովհետև մի քանի ամիս առաջ իր տանից մեկ այլ գողություն էր կատարվել, դիմել էր ոստիկանություն, սակայն դեպքը չէր բացահայտվել: Նա նաև հայտնել է, որ ինքը բողոք չունի Արմեն Պետրոսյանի դեմ, համարում է, որ նա արդեն իր պատիժը կրել է, և չի ցանկանում, որ պատասխանատվության ենթարկվի: