Համաշխարհային տնտեսության մեջ պարենային ապրանքների գների բարձրացման միտումներ չկան, հակառակը, պարենային ապրանքների հետ կապված գների անկում է գնում: Այդ մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանում Ամանորի նախաշեմին գների բարձրացումը կարելի է կապել համաշխարհային տնտեսության գների հետ:
Հիշեցնենք, որ հայաստանյան շուկայում գների բարձրացման մասին հայտարարել էր «Սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Մելիտա Հակոբյանը:
«Ընդհանրապես պարենային գների անկման համար հատկապես երկու հանգամանք կա, մեկ՝ բնակլիմայական պայմաններ, մեկ էլ գնողունակություն: Եվ երբ այսօր համաշխարհային ֆինանսական ճգնաժամից դուրս գալու քայլերի մի ուղղությունը ֆինանսական հնարավորությունների կրճատումն է, բյուջեի ճեղքվածքը փոքրացնելու համար ծախսերը նվազեցումը, հենց դա էլ գնողունակության վրա է ազդում: Այս պայմաններում չի կարող պարենի գնի բարձրացում տեղի ունենալ: Առավել ևս, երբ որ ՀՀ կառավարությունն էլ է այդ քաղաքականությունն այսօր տանում, զսպողական քաղաքականություն»,- ասել է Վահագն Խաչատրյանը:
Նա նշել է, որ այսօր համաշխարհային շուկայում մսի, հացահատիկի, շաքարավազի, կարագի գնի նվազում է գրանցվում, և եկող տարվա համար կանխատեսումներն էլի կախված կլինեն բնակլիմայական պայմաններից:
Խաչատրյանն ընդգծել է, որ պարենային ապրանքները Հայաստանում հիմնականում ներմուծվում է, և դրանց գնի փոփոխոթյունը կարող է կապված լինել, օրինակ, արտարժույթի փոխարժեքի փոփոխությունից:
«Բայց ոնց որ այստեղ էլ միտում չկա, վերջին ժամանակներս դոլարն էլ, եվրոն էլ արժեզրկվում են: Էս հանգամանքներից ելնելով՝ էն ինչ-որ կատարվում է, դա շուկայի մենաշնորհային տնտեսությամբ է պայմանավորված», – ասել է տնտեսագետը:
Խաչատրյանը նաև ասել է, որ ինքը հետևում է երշիկ արտադրողների հետ կապված պատմությանը.
«Էլի մի 10-15 ֆիրմա մեջտեղից կհանեն, էն մեծերը առաջ կգան: Սա տիպիկ երևույթ է մենաշնորհային: Էն ինչի մասին, որ Կոնգրեսը հարց բարձրացրեց, մենք ներկայացրեցինք, չանցավ, եթե մենաշնորհային տնտեսություն է, միշտ էսպես է լինելու: Ու որևէ գրագետ բացատրություն, ինչ-որ տնտեսագիտական այլ բացատրություն չկա, ու չի էլ կարող լինել»,- ասել է Վահագն Խաչատրյանը: