Այսօր Երևանում մեկնարկել է իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) 14-րդ համագումարը, որի օրակարգում մեկ հարց է՝ առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանի առաջադրումը:
Սերժ Սարգսյանի թեկնածությունը առաջարկեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրա թեկնածությունը միաձայն ընդունվեց կուսակիցների կողմից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Արդեն հայտնի է գործող նախագահի նախընտրական կարգախոսը՝ «Դեպի ապահով Հայաստան»: Ներկայացվել է Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի նախագիծը, որը համագումարի ընթացքում պետք է հաստատվի կուսակցության կողմից:
Գործող նախագահը իր նախընտրական ծրագրում նշել է, որ այևս անընդունելի են բացթողումները, երկրում առկա հիմահարցերը, անցյալից ժառանգություն մնացած արատավոր երևույթները մեր պետության երիտասարդ լինելով պայմանավորելը:
«Մեր պետությունը արդեն թևակոխել է հասություն փուլ, իսկ գոյություն ունեցող խնդիրները օր առաջ գրագետ և հստակ լուծումներ են պահանջում: Վստահեցնում եմ, որ 2018 թվականին մենք ապրելու ենք շատ ավելի լավ Հայաստանում: Մենք հաստատուն քայլերով գնալու ենք այդ ճանապարհով՝ դեպի ապահով Հայաստան տանող ճանապարհով», – հայտարարել է Սերժ Սարգսյանը:
ՀՀԿ-ի թեկնածուն նաև անդրադարձել է նախագահական ընտրությունների անցկացմանը՝ նշելով, որ «լավ, արդար ընտրությունների անցկացումը իրենց համար առաջնային խնդիր է»:
«Վերջին խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ մենք հրաշալի արձագանքներ ստացանք, դա շատ է ոգևորում: Մենք արդեն՝ որպես պետություն, կարողանում ենք ազատ մրցակցության, արտահայտվելու գրեթե կատարյալ ազատության ու ազատ կամարտահայտության պայմաններում ընտրություններ անցկացնել և պատրաստվել շատ ավելի առաջ գնալ այդ ուղով», – նշել է Սերժ Սարգսյանը: