ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ձայնագրության հրապարկմանը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վերաբերվում է շատ բացասական, «մանավանդ՝ մեր օրենքները դա թույլ չեն տալիս»: Այս մասին նա ասել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Դա կարող է ինչ-որ մեկի բջջայինով արված լիներ: Տարբեր կարծիքներ կան: Իսկ եթե խոսքը վերաբերում է Ազգային անվտանգությանը, ես չեմ կարծում՝ երկու զրուցակիցները էն պրոդուկտն են, որպեսզի հետաքրքրեն Ազգային անվտանգությանը: Իրենք ազգի համար վտանգավոր չեն»,- ասել է Գալուստ Սահակյանը:
Ձայնագրության՝ հիմա ի հայտ գալը Սահակյանը թյուրիմացություն է համարում, «որովհետև չի կարելի մարդկանց գաղտնի խոսակցությունները ինչ-որ ձևով արծարծել հասարակության մեջ, քանի որ դա ոչ միայն վարկաբեկում է իրենց, այլ վարկաբեկիչ է ամբողջ հասարակության համար»:
Սլաքները դեպի իշխանություն ուղղելը, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, «տրադիցիոն բնույթ ունի»: Ըստ Սահակյանի՝ դա է պատճառը, որ իրենք «փորձում են բարոյական դաշտ ստեղծել, որպեսզի նման բաներ չլինեն»:
Հարցին՝ արդյո՞ք ՀՀԿ-ն հետամուտ կլինի, որ իրավապահ մարմինները զբաղվեն այս հարցով, Գալուստ Սահակյանն ասել է, որ ՀՀԿ-ն հետամուտ չպետք է լինի, դա պետք է անեն Օսկանյանն ու Զուրաբյանը:
«Խնդիրն իրենց է վերաբերում, իսկ մեզ համար մեծ մի երևույթ չի: Երևույթը քննադատելի է, բայց խոսակցության բնույթը, մտքերը, կիսատ-պռատ բաներ են, ավելի խորքային գիտենք, իսկ երևույթը դատպարտելի է»,- ասել է Գալուստ Սահակյանը:
Նշենք, որ Լևոն Զուրաբյանի ու Վարդան Օսկանյանի միջև տեղի ունեցած խոսակցության ձայնագրության մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել նաև ՀՀԿ-ի փոխնախագահ, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը.
«Իհարկե, տհաճ է, երբ քեզ ձայնագրում են և դու դրա մասին տեղյակ չես: Կարծում եմ, քաղաքական էքսհիբիցիոնիզմով Հայաստանում տառապող չկա: Սակայն անգամ այդ դեպքում պետք է պատրաստ լինել հիմնավորել ու ապացուցել այն, ինչի մասին գաղտնի արտահայտվել ես: Ասես` ասել եմ` լավ եմ արել, որովհետև սա, սա և սա:
Ցավոք, այս սկանդալում կողմերից և ոչ մեկը այդ քաղաքական համարձակությունն ու ազնվությունը դեռ չի դրսևորել…»: