Օրվա երկրորդ կեսին Ազգային ժողովում շարունակվել է էթիկայի հանձնաժողովի ձևավորման հարցի քննարկումը, որի մասին կարծիքներ են հայտնել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:
«Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը և ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանն իրենց ելույթներում կոչ են արել ընդդիմադիր ուժերին քննարկել Էթիկայի հանձնաժողովից դուրս գալու հարցը, եթե Դավիթ Հարությունյանի առաջարկած նախագիծը ընդունվի:
ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ ասել է, որ նախագծի ընդունման դեպքում հանձնաժողովում մնալու են միայն կոալիցիայի ներկայացուցիչները՝ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը:
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, իր հերթին, նկատել է, որ, փոփոխությունն ընդունելով, իշխանությունը ոչնչացնելու է էթիկայի հանձնաժողովը և սպանելու է Հայաստանում ժողովրդավարության ևս մեկ տարր:
«Մենք գործ ունենք վախեցած իշխանության հետ, որը չի խուսափում գաղտնալսումներ կատարելուց և այստեղ փոխխոսանակի միջոցով այդ գաղտնալսումները հնչեցնելուց», – ասել է Զուրաբյանը:
Քննարկումից հետո ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ քվերակությունը տեղի է ունենալու վաղը՝ ժամը 11:00-ին: ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանն առարկել է՝ ասելով, որ, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, քվերակությունը պետք է կայանա քննարկումների ավարտին՝ հենց հիմա:
Հովիկ Աբրահամյանը հակադարձել է, թե ինքը Փաշինյանի կարծիքը չի կիսում՝ նշելով, որ քվեարկությունը կկայանա վաղը: