Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, ազգությամբ եզդի Oզման Բրոյանը սպանվել է 5 ամիս առաջ, սակայն նրա սպանության գործով մեղավորներ չեն բացահայտվել, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, ոստիկանությունը գործ չի հարուցել: Այսօր նախագահական նստավայրի մոտ Օզմանի հարազատներն ու համագյուղացիները արդարադատություն էին պահանջում: Նրանք ասում են, որ ոստիկանություն ներկայացված դիմումները, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ուղղված նամակները պատասխան չեն ստացել, դատախազությունը ևս հրաժարվում է միջամտել:
Օզմանի կինը՝ Զինա Բրոյանը, Epress.am-ին պատմել է, որ ամուսնուն սպանել են համագյուղացիները՝ ոռոգման ջրի համար վեճի ժամանակ: Կնոջ խոսքով՝ Օզմանին ծեծել են եղբայրներ Համո Ավդոյանն ու Իշխան Գասոյանը և նրանց քույրը՝ Սուսան Գասոյանը:
«Օզմանը հասավ տուն մի կերպ ծեծից հետո, չթողեց՝ աղջկաս ուղարկենք, գնա դաշտ կովի հետևից, ասեց, թե իրեն էլ կծեծեն: Օզմանը հասցրեց պատմել՝ ով է իրեն ծեծել, ովքեր են ականատես եղել, բայց երևի վախեցել են միջամտել»,- ասել է Զինա Բրոյանը:
Ամուսինը տուն գալուց 15 րոպե հետո մահացել է: Դատաբժշկական փորաքննության համաձայն՝ նա մահացել է սրտի կաթվածից, սակայն, ըստ հարազատների, նման եզրակացության համար Օզմանին ծեծողները բժիշկներին ու ոստիանության աշխատակիցներին կաշառել են:
Նախագահականից բողոքողներին այսօր խորհուրդ են տվել դիմել Դատախազություն: