հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Տաքսու վարորդների հետ հրաժարվում են 1 տարով պայմանագիր կնքել. նրանք 40.000 դրամ տուժում են

Տաքսու վարորդների հետ հրաժարվում են 1 տարով պայմանագիր կնքել. նրանք 40.000 դրամ տուժում են

Ապահովագրական ընկերությունները տաքսու վարորդներին ստիպում են իրենց մեքենաները ապահովագրել 3 ամսով և հրաժարվում են կնքել պայմանագրեր մեկ տարվա համար: Այսպիսով տաքսիստները ստիպված են, եռամսյակների համար առանձին-առանձին վճարելով, նվազագույնը 40.000 դրամից ավելի ծախս անել, քան կանեին տարեկան ապահովագրության դեպքում: Այս մասին Epress.am-ին հայտնել է տաքսիստ Ռուբեն Այվազյանը, ով այս խնդրի մասին գործակալություններում բողոքելուց հուսալքված մի խումբ տաքսիստների հետ նամակ է ուղղել վարչապետ Տիգրան Սարգսյանին:

«Երբ խնդրում ենք գրավոր կերպով պարզաբանել, թե ինչու չեն կատարում օրենքով ստանձնած իրենց պարտավորությունները, պատասխանում են, որ հրամանը ՎԵՐԵՎԻՑ է, ու իրենք իրավասու չեն մեզ պատասխանել՝ ինչու չենք կարող մեկ տարով ապահովագրում ստանալ»,- ասել է Այվազյանը՝ հավելելով, որ առանց այն էլ տաքսու վարորդներն ավելի շատ գումար են վճարում ապահովագրման համար, քանի որ ավելի ռիսկային են:

Այվազյանն ասել է, որ վարորդները փորձել են տարբեր ընկերությունների դիմել, սակայն բոլորն էլ նույն պատասխանն են տալիս: Հավելյալ գումարներ ծախսելը խնդիր է նաև այն պատճառով, որ  վարորդների մեծ մասը, ինչպես հայտնել է Այվազյանը, իրենց մեքենաները վարկով են վերցրել`գրավ դնելով իրենց տունը կամ հենց տվյալ մեքենան: Ու այժմ, ապահովագրական ընկերությունների «անօրինական ու լրացուցիչ գումարներ շորթելուն ուղղված գործողությունների արդյունքում» չեն կարողանում աշխատել ու վերադարձնել վերցված վարկերը: