Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը դիմում են հասցեագրել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` իրենց առանձնազրույցի «ապօրինի գաղտնալսման» և ձայնագրությունը սոցիալական ցանցերում տեղադրելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու պահանջով:
Լևոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ դիմումն արդեն մուտքագրել են Ազգային ժողովի քարտուղարություն, որտեղից էլ պետք է այն ուղարկվի Գլխավոր դատախազություն:
Կիրակի օրը համացանցում տեղադրված և լրատվամիջոցներում մեծ աղմուկ բարձրացրած ձայնագրությամբ դատախազությունը դեռ չէր զբաղվում` հիմնավորելով, որ Զուրաբյանը կամ Օսկանյանը հանցագործության մասին հաղորդում չեն ներկայացրել: Դատախազությունը վկայակոչում է Քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածը, որով սահմանված է ֆիզիկական անձանց հաղորդում ներկայացնելու կարգը: Սակայն Կոնգրեսը հայտարարում է, որ «սա ոչ թե մասնավոր գանգատի, այլ հանրային մեղադրանքի գործ է. լրատվամիջոցներում տեղ գտած հաղորդումները, տեղադրված ձայնագրման նյութը, նույն օրը Զուրաբյանի տարածած հայտարարությունը (ինչը նա դատախազությանը առաջարկել էր ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին) արդեն իսկ քրեական գործի հարուցման առիթ էր, ուստի դատախազությունը պարտավոր էր ուսումնասիրել հանգամանքները առանց որեւէ մեկի դիմումի»:
«Ըստ Քրեական դատավարության օրենքի հրապարակումը կարող է առիթ դառնալ քրեական գործի հարուցման համար: Նրանք դա չեն անում, հիմա ես իրենց այդ հնարավորությունն էլ չեմ տա: Ես ուղղակի կդիմեմ դատախազություն գրավոր ձեւով, որ նրանք հարուցեն քրեական գործ», – հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:
Ազգային անվտանգության ծառայությունը երեկ պաշտոնապես հայտարարեց, որ «Ազգային ժողովի պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնալսման եւ դրա՝ համացանցում հայտնվելու հետ ԱԱԾ-ն որեւէ առնչություն ունենալ չէր կարող, եւ որ ծառայությանն ուղղված մեղադրանքները մտացածին են եւ անհիմն»: Հաշվի առնելով այս հայտարարությունը` պատգամավորը պահանջում է` «եթե դուք չեք, ապա գտեք, թե ով է»:
«Մենք, իհարկե, պետք է պահանջատեր լինենք այս հարցում, որովհետեւ կատարվել է հանցագործություն` Սահմանադրությամբ եւ օրենքով երաշխավորված իրավունքի դեմ, եւ ապօրինի գաղտնալսված զրույցի տեղադրում սոցցանցերում, ինչով խախտվել են մեր` քաղաքացիներիս իրավունքները: Մեզ համար ակնհայտ է , որ սա հատուկ ծառայությունների կողմից կատարված հանցանք է, բայց իրենք հիմա արել են հայտարարություն, որ որեւէ կապ չունեն դրա հետ, եւ հարցը մեզ համար արդեն դառնում է հետեւյալը. եթե կապ չունեք, ուրեմն հայտնաբերեք իրական հանցագործներին: Իհարկե, ոչ մի կասկած մեզ համար չկա, որ սա դեմագոգիա է, բայց մենք թույլ չենք տա, որ այս իշխանությունները կատարված հանցանքի համար պատասխանատվությունից խուսափեն», – ասաց Զուրաբյանը: