ՀԱԿ-ում համոզմունք է ձևավորված, որ դեկտեմբերի 22-ին կայանալիք ՀՀՇ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանը կհայտարարի իր առաջադրման մասին, գրում է «168 ժամ» պարբերականը:
Թերթի աղբյուրները պնդում են, որ այդ հարցը կարելի է 99 տոկոսով լուծված համարել:
«Իսկ ինչո՞ւ ոչ ՀԱԿ համաժողովում, այլ ՀՀՇ համագումարում, չէ՞ որ Տեր-Պետրոսյանը լինելու է ՀԱԿ թեկնածուն, և ոչ թե միայն ՀՀՇ-ինը: Սրա բացատրությունն այն է, որ մինչև վերջերս Տեր-Պետրոսյանի առաջադրման հարցը չի քննարկվել, քանի որ ավելի հավանական էր համարվում Ծառուկյանի առաջադրումը, իսկ դրանից հետո էլ ժամանակը չէր բավարարի ՀԱԿ համաժողով հրավիրելու համար: Հնարավոր է նաև, որ ՀԱԿ համագումար չի հրավիրվում միայն այն պատճառով, որպեսզի չերևա, թե իրականում ինչ է մնացել 2008 թվականին ստեղծված այդ կառույցից», – գրում է պարբերականը:
Թերթը նշում է, որ, չնայած ՀԱԿ անդամների պնդումներին, որ Տեր-Պետրոսյանը առաջադրվելու է, դրանից դուրս համոզմունք կա, որ Տեր-Պետրոսյանը չի գնա նման քայլի, և ՀՀՇ համագումարում կառաջադրվի Լևոն Զուրաբյանը:
«Բանն այն է, որ եթե վերջինս առաջադրվեր ՀԱԿ-ի կողմից, դրան մաս կազմող ուժերը կարող էին ձախողել դա` օգտվել վետոյի իրենց իրավունքից: Մինչդեռ ՀՀՇ-ի կողմից Զուրաբյանի ՀԱԿ-ի՝ «գծի մեջ» մնացած ուժերը կպաշտպանեն նրան, իսկ մյուսները կորակվեն` որպես «իշխանության հետ համագործակցող»», – եզրափակում է թերթը: