«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում նկար է տեղադրել, որն արվել է 2012 թվականի նոյեմբերին՝ Ավան- Առինջ թաղամասի շենքերից մեկում: Հիսուսի սրբապատկերով նկարը, որի ձախ կողմում նախկին վարչապետ, հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանի և նրա որդի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նկարներն են, փակցված է Ավան-Առինջ թաղամասի 2/8 շենքի մուտքում: Еpress.am-ի հետ զրուցում Սաֆարյանն ասել է, որ նկարը միայն երեկ է իր աչքով ընկել, թեև այն արվել էր քարոզարշավի ընթացքում՝ նախընտրական գրքույկները բաժանելու ժամանակ:
«Զարմացած եմ ու, անկեղծ ասած, զայրացած: Կարծում եմ, որ նման երևույթները հարիր չեն հայ ժողովրդին, ու ընդհանրապես նա, ում այդպես մեծարում են, առաջին հերթին, պետք է ինքը վատ զգա դրանից», – ասել է Սաֆարյանը՝ հավելելով, որ նկարի հեղինակը նույնպես պետք է ամաչի իր արածից:
«Պատկերացրեք, որ ամեն օր այդ շենքի բնակիչները տեսնում են այդ նկարն, ու Աստված գիտի, թե ինչ են մտածում», -ասել է մեր զրուցակիցը:
Սաֆարյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ Հայաստանում աստվածացման ֆենոմենի տխրահռչակ դրսևորումներ են նկատվում:
«Որպես հասարակական երևույթ, ինձ շատ է մտահոգում այս հանգամանքը՝ մարդկանց բթացնել այն աստիճան, որ սովորական չինովնիկին, թող որ նա լինի ընտրված, ուղղակի աստվածացնեն ու նկարները փակցնեն Աստծո կողքին: Ես չգիտեմ՝ սա միա՞կն է, թե՞ էլի նման դեպքեր կան Ավանում, համենայն դեպս, փաստը բավական խոսուն է. բնակարանում չէ, որ փակցված է, այլ փակցված է շենքի մուտքում: Հետաքրքիր է, որ այս ընթացքում որևէ մեկը չի հանդգնել հանել, պոկել, կամ վերացնել այդ այլանդակությունը», – նշել է Սաֆարյանը:
Նրա կարծիքով՝ ուղղակի ակնհայտ է, որ հայաստանյան որոշակի պետական գործիչների, չինովնիկների ու պատգամավորների դուր է գալիս, երբ իրենցից կուռքեր են սարքում:
«Միգուցե, իրենց համար հաճելի է, սակայն գիտակից մարդկանց համար ծիծաղելի է, իսկ Հայաստանի համար՝ անթույլատրելի» , – ասել է «Ժառանգության» ներկայացուցիչը:
Սաֆարյանը հիշեցրել է, որ ամիսներ առաջ նմանատիպ դեպք էր գրանցվել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
«Քարոզարշավներից մեկի ժամանակ կանանցից մեկն էլ տեսախցիկների առաջ ասել էր, որ Սամվել Ալեքսանյանն իր համար Քրիստոսից հետո երկրորդ մարդն է: Ուղղակի դժվար է պատկերացնել, որ այսպիսի տխուր երևույթները կարող են մայրաքաղաքի սրտում լինել, ուրիշ բան, եթե սա կատարվեր հետամնաց գյուղում, ինչը նույնպես ընդունելի չէ», – ասել է մեր զրուցակիցը:
Նա ցավով նշել է, որ հազարամյակների փորձություն անցած ու իր հավատը նորմալ պահած ազգին չի կարելի նման հոգեխանգարմունքի հասցնել:
«Նույն Երևանում՝ Մալաթիայում, նման կարծիք է հնչում, այնուհետ Ավանում նման փաստ է արձանագրվում, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը՝ «վերջն է», – եզրափակել է Սաֆարյանը: