Եթե ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրի իր թեկնածությունը դեկտեմբերի 22-ին կայանալիք ՀՀՇ-ի համագումարին, ապա դեկտեմբերի 24-ին «Ազատություն» կուսակցության համագումարի օրակարգում լինելու է ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի նախագահի թեկնածու առաջադրվելու հարցը:
«Համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին, ժամը 12:00 Եզնիկ Կողբացի 69 հասցեում գտնվող խուլ և համրերի պալատում։ Մեր դելեգատները հարցնում են օրակարգի մասով (ոմանք գալու են հեռավոր շրջաններից):
Օրակարգում, այո՛, կա ինձ որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու հարց։ Ուստի բոլոր դելեգատներին խնդրում եմ պարտաճանաչ մասնակցել։ Գտնում եմ, որ առաջիկա ընտրություններում ազատական գաղափարախոսությամբ թեկնածուի ներկայությունը պարտադիր է։ Միաժամանակ տեղյակ եմ պահում, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ապա ես ի վերջո կհանեմ թեկնածությունս (եթե առաջադրված լինեմ):
Խնդրում եմ նկատի ունենալ, որ ես ՀԱԿ կողմից չեմ առաջադրվում։ Ավելին, այս ընթացքում ես միառժամանակ դադարեցնում եմ ակտիվ համագործակցությունս ՀԱԿ քաղաքական խորհրդի հետ՝ նրանցից որևիցե մեկին կաշկանդած չլինելու համար», – Facebook սոցցանցի իր էջում գրել է «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը: