2011 թվականի տվյալներով՝ Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը կազմում է 3 միլիոն 18.854 մարդ՝ 2001 թվականի մարդահամարի 3 միլիոն 213.011 մարդու դիմաց: Նվազումը կազմել է 194.157 մարդ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
«Առկա բնակչության թվաքանակը կազմում է 2 միլիոն 871.771, նույն ցուցանիշը 2001 թվականին եղել է 3 միլիոն 2594: Նվազումը կազմել է 130.823»,- ասել է Կույումջյանը:
Բանախոսը նշել է, որ 9 ամսվա կտրվածքով հանրապետությունում գրանցվել են 30.906 կենդանի ծնունդներ:
«Նախորդ տարվա 9 ամիսների համեմատությամբ ծնունդների դեպքերը նվազել են 3 տոկոսով, որովհետև նախորդ տարի ծնվածները եղել են 31.854: 2012 թվականի 9 ամիսների ընթացքում մահացության դեպքերը 20.815 են՝ նախորդ տարվա 20.989 դեպքի համեմատ, ունենք 0,8 տոկոս մահացության դեպքերի նվազում», – ասել է Կույումջյանը:
Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատությամբ նվազել են ամուսնության դեպքերը:
«2012 թվականի 9 ամիսների դրությամբ ամուսնությունների թիվը կազմում է 13.828, 2011 թվականի համեմատ նվազել է 6,6 տոկոսով: Ամուսնալուծություններն ավելացել են 3.1 տոկոսով և կազմել են 2441», – ասել է Կույումջյանը՝ հավելելով, որ բնական հավելաճը, այսինքն բնական ճանապարհով մեր բնակչության ավելացումը 9 ամսվա կտրվածքով կազմում է 10.091 մարդ: