Մոսկվայում կանխվել է հայ գործարար, «Կրիսմար» ընկերության սեփականատեր Արմեն Շահինյանի (լուսանկարում) սպանությունը: Երեկ հայտնի է դարձել, որ սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով ձերբակալվել է Շահինյանի նախկին գործընկեր, «Ինպրոֆստրոյ» ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Ալեքսանյանը, գրում է «Կոմերսանտ» թերթը:
Թերթի փոխանցմամբ՝ այս տարվա սեպտեմբերին հետախույզները տեղեկություն են ստացել այն մասին, որ Պուշկինո քաղաքի քրեական հեղինակություններից մեկը Շահինյանի սպանության պատվերն իրականացնողի է փնտրում:
Պարզվել է, որ վարձու մարդասպանի փնտրտուքներով զբաղվում է Պաշտպանության նախարարության նախկին սպա Վլադիմիր Տումանովը:
Տեղեկանալով այդ մասին՝ հետախույզները, ձևանալով, թե իբր հանցավոր խմբավորման անդամներ են, բանակցությունների մեջ են մտել Տումանովի հետ: Այդ ողջ ընթացքում Տումանովը գտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում, նրա հեռախոսազրույցները գաղտնալսվում էին, ինչի արդյունքում հայտնի էր դարձել նախապատրաստվող սպանության ենթադրյալ պատվիրատուն՝ Հովիկ Ալեքսանյանը, ով նախկինում եղել է Շահինյանի գործընկերը, սակայն հետագայում նրանց միջև կոնֆլիկտային իրավիճակ էր ստեղծվել:
Այսպիսով, Տումանովի հետ բանակցությունների արդյունքում հետախույզները համաձայնել են «սպանել» Շահինյանին՝ դրա դիմաց պահանջելով 2 մլն ռուբլի: Այնուհետև նրանք հանդիպել են Շահինյանի հետ և հայտնել նրան իր դեմ պատրաստվող մահափորձի մասին, ինչից հետո գործողությունը մտել է եզրափակիչ փուլ:
Դեկտեմբերի սկզբին «բեմադրվել է» Շահինյանի առևանգումը: Գործարարին՝ նրա հարազատների և ընկերների աչքի առջև, տեղափոխել են մեքենա և հեռացել: Ալեքսանյանին «սպանության» մասին տեղեկացնելու համար գործողության կազմակերխիչները լուսանկարել են իբր թե փոսում գտնվող խեղդված Շահինյանի դիակը (գործարարի պարանոցին հատուկ նշաններ են նկարել): Այդ լուսանկարները փոխանցել են «մարդասպանին», ով էլ, իր հերթին, դրանք պետք է հասցներ Ալեքսանյանին: «Սպանության» համար գումարը փոխանցելու պահին Ալեքսանյանին ձերբակալել են: