Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը երեկ երեկոյան ելույթ է ունեցել Լոնդոնում գտնվող Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատան պատշգամբից՝ խոստանալով 2013 թվականին 1 միլիոն գաղտնազերծված փաստաթղթեր հրապարակել:
«Հաջորդ տարին թեժ է լինելու: WikiLeaks-ի տրամադրության տակ մոտ 1 միլիոն փաստաթղթեր կան, որոնք վերաբերում են աշխարհի բոլոր երկրներին: Դրանք բաց աղբյուրներում են տեղադրվելու», – հայտարարել է Ջուլիան Ասանժը: Նրա ելույթը տեղադրված է WikiLeaks.org կայքում:
WikiLeaks-ի հիմնադրի ելույթը լսելու էին եկել մոտ 80 իր կողմնակիցներն ու տասնյակ լրագրողներ: Հիշեցնենք, որ Ասանժին մեղադրում են Շվեդիայում սեքսուալ բնույթի հանցագործություններ կատարելու մեջ: Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են արտաքսել Ասանժին Շվեդիա: Վերջինս վախենում է, որ Շվեդիան կարող է հանձնել իրեն ԱՄՆ-ին, որտեղ էլ Ասանժին կդատեն լրտեսության և ԱՄՆ Պետդեպի գաղտնի փաստաթղթերը հրապարակելու համար:
Ասանժն արդեն կես տարի է պատսպարվում է Էկվադորի դեսպանատանը: Այդ երկիրը նրան փախստական է ճանաչել: Երեկ Ասանժը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ իր քաղաքական կարգավիճակը և երկիրը լքելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ Ասանժը 2011 թվականին ավարտել էր Պետդեպի գաղտնի փաստաթղթերի հրապարակումը, որոնց թվում էին նաև Հայաստանին վերաբերող բազմաթիվ գանտնազերծված նամակներ: