Այսօր մոլորակների շքերթ չի լինելու, իսկ աշխարհի վերջ՝ առավել ևս. ամենը հնարված է ինչ-որ մարդկանց կողմից և տարածված ամբողջ աշխարհի լրատվամիջոցներում: Այս մասին այսօր Еpress.am-ի հետ զրույցում ասել է Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն Տիգրան Մաղաքյանը:
«Միակ ճիշտ բանը, որ տեղի է ունենում, այն է, որ այսօր ավարտվում է մայաների օրացույցը, սակայն դա չի նշանակում, որ մարդկությունը պետք է վերանա», – ասել է աստղագետը:
Նրա խոսքով՝ 2000 թվականից մինչ օրս մարդկությունն անընդհատ մտածում է աշխարհի վերջի մասին:
«Պարզապես մարդկանց հոգեբանական վիճակն այնպիսին է, որ անվերջ սպասում են նման երևույթների: 1000 տարի առաջ Եվրոպայում շատ տարածված էին նմանատիպ կարծիքներ, սակայն, ինչպես տեսնում ենք, ոչինչ տեղի չունեցավ», – նշել է աստղադիտարանի փոխտնօրենը:
Մաղաքյանը վստահեցրել է, որ նման լուրերը տարածվում են հատուկ սադրիչների կողմից, իսկ մարդիկ հավատում են:
«Արևի չորրորդ փուլի ավարտ գոյություն չունի, ինչպես ասվում է: Արևի ակտիվությունը բարձրանում է 11 տարին մեկ անգամ, հետո նորից դադարում է, նորից բարձրանում է, ու այսպես մի քանի հարյուր տարի շարունակ: Այսօր արևի վրա տեղի ունեցող երևույթները ոչնչով չեն տարբերվում մյուս օրերից», – նշել է մասնագետը:
Նա նաև հիշեցրել է, որ նման կերպ աշխարհի ավարտ չի լինելու:
«Ասեմ, որ որոշ մարդիկ, դրանից օգտվելով, վաճառել են մոմերը, ոսկիները: Ինչպես տեսնում ենք՝ արևը չխավարեց, ու դեղին մամուլի տարածած սուտ լուրերը չիրագործվեցին», – եզրափակել է Մաղաքյանը: