ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բրագրատյանը ՀԱԿ-ից դուրս չի եկել, պարզապես ժամանակավոր սառեցրել է համագործակցությունը Կոնգրեսի հետ: Այս մասին նա հայտարարել է այսօր իր ղեկավարած «Ազատություն» կուսակցության համագումարի ժամանակ:
Համագումարի ընթացքում կուսակցության անդամ Վարդան Մարգարյանը առաջարկել է առաջադրել Բագրատյանի թեկնածությունը 2013 թվականի նախագահական ընտրություններին, որից հետո «Ազատության» նախագահը խոսել է առաջադրման որոշման պատճառների մասին:
Բագրատյանը շեշտել է, որ հիանալի հարաբերություններ ունի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, բայց «կյանքը առաջ է գնում, և նոր իրողություններ կան»: Նա նշել է, որ ՀԱԿ-ի աջակցությունը վատ չէր լինի՝ ընդգծելով, որ համագումարին հրավիրել է նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին:
Բագրատյանի խոսքով՝ ինքը 5 տարի առաջ միացել է շարժմանը, որն իշխանափոխության պահանջ ուներ: ՀԱԿ խմբակցության պատգամավորն ասել է, որ այժմ էլ պետք է թիմ ստեղծի, որը այդ նպատակին հավատարիմ է, քանի որ «կան սկզբունքներ, որոնք չեն փոխվում»:
Նա նշել է, որ չունի քաղաքական ամբիցիաներ, իշխանությանը չի ձգտում, և դրանով չէ պայմանավորված իր առաջադրումը: «Ազատություն» կուսակցության ղեկավարը նշել է, որ ՀԱԿ-ի պլատֆորմը իշխանափոխությունն էր, բայց «հիմա մենք զգում ենք, որ, այնուամենայնիվ, դա քիչ է, և մի հատ էլ գաղափարախոսություն է պետք»:
«Պետք է հասկանանք, թե որն է այդ պլատֆորմը, որի վրա կարող ենք մարդկանց համախմբել», – նշել է Բագրատյանը:
Նա ասել է, որ համագումարին հրավիրել է միայն ՀԱԿ ներկա ու նախկին անդամ կուսակցություններին, քանի որ պայքարի կորիզը ստեղծվել է նրանց շուրջ:
Բագրատյանի խոսքով՝ ինքը պարտադիր է համարում առաջադրվելը և փորձելու է համախմբել ամբողջ լիբերալ թևը: