«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը դեռ չի որոշել՝ արդյոք սատարելու է ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի թեկնածությունը: Այս մասին Քոքոբելյանն ասել է «Ազատություն» կուսակցության համագումարից առաջ, որը կմեկնարկի 13.00-ին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ի հայտարարության մեջ Հրանտ Բագրատյանը նշել էր, որ առաջադրելու է իր թեկնածությունը նախագահական ընտրություններին և կհանի իր թեկնածությունը միայն այն դեպքում, եթե ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս առաջադրվի:
Խաչատուր Քոքոբելյանը նշել է, որ «Ազատ դեմոկրատները» դեռևս կարող են ընտրություններին սեփական թեկնածուով հանդես գալու մասին որոշում կայացնել: Եթե դա տեղի չունենա, կուսակցությունը կքննարկի թեկնածուների ծրագրերը և հնարավոր է՝ սատարի, եթե հակասություններ չունենա: ԱԴ նախագահը նաև նշել է, որ ինքն ընդհանրապես դեմ է ընտրությունները բոյկոտելուն, սակայն «ստեղծված իրավիճակը բոյկոտ է»: Նրա խոսքով՝ այսօրվա իրավիճակի համար պետք է չէ մեղադրել միայն իշխանություններին. մեղքի բաժին ոեւնեն նաև ընդդիմադիր ուժերը:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, «Ազատություն» կուսակցության համագումարին եկել են ԱԴ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը, ՀԱԿ-ի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Վերջինս Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իր կուսակցությունը այս կամ այն թեկնածուին սատարելու մասին որոշում կկայացնի միայն Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունից հետո: Ինչ վերաբերում է Բագրատյանին սատարելուն, Մակեյանն ընդգծել է, որ ինքը դեմ է օլիմպիական սկզբունքով մասնակցությանը, և Բագրատյանի առաջադրումը իմաստ կունենա, եթե նրա շուրջ հավաքվեն մի շարք քաղաքական ուժեր: