Home / Հայաստան / Ծեծկռտուք առանց տուժողի. իրավապաշտպանի դեմ վճիռը կհրապարակվի նախադեպից հետո

Ծեծկռտուք առանց տուժողի. իրավապաշտպանի դեմ վճիռը կհրապարակվի նախադեպից հետո

Հելսինկյան ասոցիացիայի անդամ, իրավապաշտպան Արման Վեզիրյանի և քաղաքացի Տիգրան Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործով այսօր կայացած դատական նիստում դատավոր Նելլի Բաղդասարյանը վճիռը չի հրապարակել, այլ բավարարել է դատախազի միջնորդությունը հետաձգել վճռի կայացումը:

Դատախազի միջնորդության հիմքում ընկած է եղել այն փաստը, որ նման գործ, որտեղ ծեծկռտուք կա, սակայն չկա տուժող, իրավական առումով դժվար է քննել:

Գործով մեղադրող դատախաղ Ալիկ Աբրահամյանն ասել է, որ այս պահին Վճռաբեկ դատարանի վարույթում է գտնվում նման մեկ այլ գործ, և այդ գործով մոտ օրերս վճիռ է կայացվելու: Ըստ դատախազի՝ պետք է սպասել այդ վճռին, որը կարող է նախադեպ հանդիսանալ իրավապաշտպան Վեզիրյանի և քաղաքացի Մանուկյանի գործի համար:

Կողմերը չեն առարկել, և դատավորը միջնորդությունը բավարարել է և հետաձգել նիստը: Այն կայանալու է հունվարի 25-ին:

Հիշեցնենք, որ գործը վերաբերում է ապրիլի 30-ին ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցած միջադեպին: Սեդրակ Սարգսյանի փողոցում թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ-ի թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբի ակտիվիստները քարոզչանյութեր են բաժանելիս եղել և բուկլետներից մեկը դրել են տներից մեկի մուտքի մոտ: Տանից դուրս է եկել մոտ 45 տարեկան Տիգրան Մանուկյանը, և սկսել է բղավել` «էսի հըլը վեկալեք ու ռադ ըլեք ստեղից»: Բուկլետ դնող երիտասարդը ներողություն է խնդրել, իսկ միջադեպի վայրում ներկա Արման Վեզիրյանը, ով որպես դիտորդ հետևում էր քարոզարշավի ընթացքին, մոտեցել է բուկլետը վերցնելու համար: Վեզիրյանի և բուկլետները բաժանող ակտիվիստների խոսքով՝ այդ պահին տղամարդը հարվածել է դիտորդի դեմքին, որի հետևանքով նրա աչքի տակ այտուցվել է: Երկու ամբաստանյալների դեմ էլ գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ): Նշենք, որ Մանուկյանը բողոքել է միայն այն բանից հետո, երբ իրավապաշտպանի դիմումի հիման վրա իր դեմ ևս գործ է հարուցվել՝ նշելով, թե Վեզիրյանը նույնպես իրեն հարվածել է, սակայն ինքը տուժող չի հանդիսանում:

Իրավապաշտպանը հերքում է այդ մեղադրանքը: