ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը դատի է տվել իր նկարով դեմոտիվատոր պատրաստած բլոգեր Էդգար Բարսեղյանին:
«Ես ուզում եմ, որ ոչ մի ՀՀ քաղաքացի իրեն իրավունք չվերապահի վիրավորել այլ քաղաքացու: Առաջին նիստին բլոգերը հիմնավորել է, որ չի ցանկացել վիրավորել պատգամավորին: Այդ դեպքում թող պատրաստ լինի տեսնել իր հարազատների նկարները կիսամերկ աղջիկների տեսքով»,- ասել է Ուրիխանյանը՝ սակայն, հրաժարվելով պարզաբանել՝ արդյոք նկատի ունի, թե պատրաստելու է նման դեմոտիվատրոներ:
Նշենք, որ դեմոտիվատորը կրում է «Տարվա ոճային քաղաքական գործիչը» գրառումը և Ուրիխանյանի դեմքով կիսամերկ մոդելի նկար: Ուրիխանյանը պահանջում է դեմոտիվատորը վիրավորանք համարել և բլոգերից բռնագանձել 1 միլիոն 530 հազար դրամ (փոխհատուտցում դատական ծախսերի, պետական տուրքերի համար):
Բլոգեր Էդգար Բարսեղյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ դեմոտիվատորի գաղափարն առաջացել է, երբ ինքը տեսել է kamoblog.am-ի կողմից Ուրիխանյանին «Տարվա ամենաոճային քաղաքական գործիչ» ճանաչելու մասին լուրը:
Բլոգերը բացատրել է, որ դեմոտիվատոր պատրաստելով՝ հայտնել է իր տեսակետը այն մասին, որ քաղաքական գործիչը չպետք է հպարտանա, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կիսվի այդ լուրով, քանի որ քաղաքական գործչի նյութը չպետք է տեղ ունենա շոու բիզնեսի մասին կայքում:
«Այո, ես կարծում եմ, որ ոճայնությամբ հպարտանալը մանեկենուհիների, դերասանուհիների և այլ գեղեցկուհիների մենաշնորհն է»,- ասել է Բարսեղյանը՝ նշելով, որ իր այս տեսակետն արտահայտելու համար իրեն դատի տալ չի կարելի:
Ուրիխանյանը մեզ հետ զրույցում ասել էր նաև, որ բլոգերը «իշխանական կայքի» (Ուրիխանյանը կայքի անունը չէր նշել) աշխատող է և փորձել է վիրավորել իրեն, քանի որ ինքը միշտ քննադատում է իշխանություններին, հայտարարում, որ Հայաստանում կան խնդիրներ, որ կան մարդիկ, ովքեր վատ են ապրում:
Այդ դիտարկումը Էդգար Բարսեղյանը աբսուրդային է համարել: Նա ասել է, որ այդ տեսակետից իր համար քաղաքական ուժերի միջև տարբերություն չկա, և ինքը բոլոր կուսակցությունների անդամների նկարներով դեմոտիվատորներ է ստեղծել: Բացի դա, Բարսեղյանն ասել է, որ Ուրիխանյանին ընկալում է, առաջին հերթին, որպես անձ, պատգամավոր:
Նշենք, որ դեմոտիվատոր պատրաստելու համար դատի տալն աննախադեպ է Հայաստանում, ուստի դատարանը պետք է որոշի՝ արդյոք բլոգը կամ սոցցանցը կարող է ԶԼՄ համարվել:
Այս առիթով Ուրիխանյանն ասել էմ որ բլոգերներին թվում է, որ «իրենք ԶԼՄ չեն և անձեռնմխելի են ու կարող են վիրավորել ում ուզեն»:
«Սակայն պետք է պատժվեն բոլորը, ովքեր հրապարակայնորեն վիրավորում են մարդկանց», – ասել է Ուրիխանյանը: