ՀՀ պետգույքի կառավարման վարչությունը կառավարության առաջիկա նիստին կներկայացնի արտաքին գործերի նախարարության շենքն աճուրդի հանելու մասին որոշման նախագիծ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթն ընդգծում է, որ այդ շենքը կառավարության որոշմամբ արդեն վաճառվել էր: Այս տարվա հոկտեմբերի 4-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել շենքն ուղղակի վաճառքով վաճառել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը:
«Այդ որոշումը չեղյալ հայտարարելու մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել, և հանկարծ կառավարությունը նոր որոշում է կայացնելու՝ հիմա էլ աճուրդով վաճառել: Ո՞րն է այս աբսուրդ որոշման պատճառը: Հնարավոր է՝ Էռնեկյանը փոշմանել է և այլևս չի ուզում գնել այդ շենքը: Սակայն, ավելի հավանական է, որ նա որոշել է շենքը գնել հրապարակային աճուրդով, որպեսզի հետագայում խուսափի մեղադրանքներից, թե էժան է գնել: Եվ խնդիրն այստեղ ոչ թե Էռնեկյանն է, այլ մեր կառավարության սկզբունքներն են: Եթե ճիշտը աճուրդով վաճառելն էր, ապա ինչու էին ժամանակին կոկորդ պատռում, թե ուղղակի վաճառքն է ճիշտ: Եթե ճիշտն ուղղակի վաճառքն է, ապա ինչու են հիմա աճուրդ հայտարարում: Աճուրդի անցկացման ժամկետները դեռ հայտնի չեն, իսկ մեկնարկային գինը նախկինն է` 52 մլն դոլար», – գրում է «ՀԺ»-ն: