ՀԱԿ-ը նախագահական ընտրություններին իր մասնակցության ձևաչափի մասին ընդունած որոշումը կհրապարակի վաղը՝ որոշակի կոնսուլտացիաներից հետո: Այս մասին այսօր ՀԱԿ քաղխորհրդի նիստից հետո Epress.am-ի հետ զրույցում ասել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա նշել է, որ անհրաժեշտ կոնսուլտացիաները Կոնգրեսի ներսում թույլ կտան առանց որևէ խոչընդոտի հրապարակել վերոնշյալ որոշումը:
Անդրադառնալով նաև ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ Լևոն Զուրաբյանն ասել է, որ ինքը չի կարծում, թե անհրաժեշտություն կա գնահատական տալ Տեր-Պետրոսյանի հայտարարությանը կամ մեկնաբանություն անել, որովհետև ՀԱԿ առաջնորդի բացատրությունն ինքնին բավական պարզ է և շատ լավ ներկայացնում է որոշումն ու այդ որոշման պատճառները:
Լևոն Զուրաբյանը, սակայն, մեկ անդրադարձ է արել՝ ուշադրությունը հրավիրելով մի հանգամանքի վրա:
«Այն, որ որոշ լրատվամիջոցներ և քաղաքական գործիչներ որոշել են, որ այս հայտարարությամբ Տեր-Պետրոսյանը հեռանում է քաղաքականությունից… նման բան գոյություն չունի: Սա ընդամենը որոշում է կոնկրետ նախագահական ընտրություններում չառաջադրվելու մասին», – ասել է Լևոն Զուրաբյանը:
Այդպիսի հայտարարությունները տարածողները, Զուրաբյանի խոսքով, անում են շատ պարզ նպատակներով՝ Կոնգրեսի ընտրազանգվածը, համակիրների բանակը բարոյազրկելու համար:
«Բայց սա բացարձակապես որևէ կապ չունի իրականության հետ, պայքարը շարունակվում է, Շարժումը շարունակվում է, մեր կառույցները վճռական են իրագործելու այն նպատակները, որի համար այս Շարժումը ստեղծվել է: Այն է՝ Հայաստանում հաստատել ժողովրդավարություն, սահմանադրական կարգ և ժողովրդի իշխանություն», – ասել է Լևոն Զուրաբյանը: