ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանն բարձր է գնահատում իր շանսերը 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Այս մասին նա հայտարարել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում:
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հնարավոր է համարում, որ իր շուրջը համախմբում տեղի կունենա, և ո՞ր ընդդիմադիր կուսակցությունները նրան սատարեն, Բագրատյանն ասել է.
«Ես կառաջարկեի այդ հարցին անդրադառնալ ավելի ուշ, նախևառաջ պետք է գրանցվել: Պարզապես այս փուլում զբաղված չենք բանակցություններով, այլ զբաղված ենք այլ խնդիրներ լուծելով»:
Բագրատյանը դժվարացել է ասել՝ արդյոք նրան կսատարեն այն ուժերը, որ պատրաստ էին սատարել առաջին նախագահին: Ըստ նրա՝ շատ գործիչներ հայտնել են իրեն սատարելու մասին: Նա, սակայն, հրաժարվել է կոնկրետ անուններ նշել:
Հրանտ Բագրատյանը կփորձի նոր համաժողովրդական շարժում ձևավորել, չնայած դա ռեալ չի համարում ժամանակի սղության պատճառով:
«Ես իմ խնդիրն եմ տեսնում՝ ժողովրդին պատմել, բացատրել, թե ինչպես պետք է կառուցել մեր երկիրը: Նաև ես ներողություն եմ խնդրում մյուս լրատվամիջոցներից, սա իմ վերջին հանպատրաստից հարցազրույցն է, նրանք նվազագույնի են հասցվելու, շուտով այդ հարցով կզբաղվեն համապատասխան լիազորված մարդիկ», – ասել է ՀՀ նախագահի թեկնածուն:
Իր նախընտրական շտաբի պետը, ըստ Բագրատյանի, կլինի «Ազատություն» կուսակցության վարչության անդամ Արշակ Ավագյանը, ով «նա լավ կազմակերպիչ է, նախկինում որևէ պաշտոն չի զբաղեցրել»: