Վերջին տարիներին լայն տարածում է ստացել Ամանորը հրավառություններով տոնականացնելու սովորույթը, այսօր տարածած իր հայտարարություն-կոչի մեջ նշում է ՀՀ ոստիկանությունը:
«Տեսարանն, ինչ խոսք, գեղեցիկ է, սակայն անփութությունը, անզգուշությունը, հրագործական միջոցների անորակությունը կարող են նաև մթագնել ամանորյա ուրախությունը, կարող են անցանկալի դեպքերի պատճառ դառնալ:
Պայթուցիկ հրագործական միջոցների հետ վարվելու կանոնները չպահպանելու հետևանքով, մասնավորապես, անչափահասների շրջանում դժբախտ պատահարները բացառելու, ինչպես և հասարակական կարգի և անվտանգության պահպանման նկատառումներով քաղաքացիներին կրկին հիշեցնում ենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գիշերային ժամերին՝ 23.00-ից մինչև 7.00-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական արտադրատեսակներ օգտագործելն առաջացնում է վարչական տուգանք` 100.000 դրամի չափով»,- ասված է ոստիկանության կոչում:
Միաժամանակ, ոստիկանությունը հիշեցնում է, որ ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի համապատասխան որոշմամբ՝ նշված ժամանակից սահմանված է բացառություն, և Ամանորի կապակցությամբ թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01.00-ն:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ իր խնդիրը քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելը կամ Ամանորի տոնի կազմակերպումը սահմանափակելը չէ, սակայն հորդորում է «խստիվ պահպանել օրենքի պահանջը և զերծ մնալ նշված ժամերից դուրս հրավառություն կազմակերպելուց»: