Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանը երեկ ՀՀ սփյուոքի նախարարությունում 100 հազար դոլարի օգնության հավաստագիր է հանձնել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը: Դա նշանակում է, որ Հայաստանում գտնվող, հազար սիրիահայ ընտանիքներ կստանան 20 հազարական դրամ պարունակող քարտեր, որոնցով կարող են առևտուր անել, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
Սակայն այդ քարտերով կարելի է առևտուր անել բացառապես ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետներից: Ըստ դեսպանի՝ խանութների ցանցն ընտրել է նախապես Քուվեյթից Երևան եկած պատվիրակությունը: Հենց նույն «սիթիներից» առևտուր անելու քարտեր ևս 500 սիրիահայի բաժանել է նաև Հայ Առաքելական եկեղեցուն կից «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կլոր սեղան» կազմակերպությունը:
«Եթե որևէ մեկն ունի տրամաբանական բացատրություն, թե ինչու ուղղակի գումարը չեն տալիս, որ իրենք ընտրեն` ինչպես ծախսել, այլ պարտադրում են այդ գումարը թողնել հենց «Երևան սիթիում», հաճույքով կլսենք այդ բացատրությունը», – եզրափակում է «ՀԺ»-ն: