Երեկ «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» հյուրն է եղել Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով պատասխանել է սոցցանցում իրեն հղած հարցերին:
Օգտատերերից մեկը հարցրել էր, թե արդյոք պատգամավորը նախագահական ընտրություններում կսատարի Հրանտ Բագրատյանին: Փաշինյանը պատասխանել է, որ ՀԱԿ-ը ընտրությունները բոյկոտելու որոշում է կայացրել, բայց ինքը հարգանքով է վերաբերվում Բագրատյանի առաջադրվելու որոշմանը և հաջողություն է մաղթում նրան:
«Բայց ահա քաղաքական մակարդակում աջակցություն ցուցաբերելը համարում եմ պատասխանատու որոշում, – ասել է Փաշինյանը, – հարցի պատասխանն ինքս ինձ համար կհստակեցնեմ, երբ պարոն Բագրատյանի ծրագրերը, ասելիքների համակարգված ասված կլինեն, կլինի որոշակի պատկերացում, կներկայացվեն իր պատկերացումները իրադարձությունների զարգացման վերաբերյալ, և պարզ կլինի, թե ինչքանով են իմ պատկերացումները համընկնում»:
Ֆեյսբուքի օգտատեր Արման Մուշեղյանը գրել էր. «Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում Սերժ Սարգսյանի հաղթանակը փորձել էր հիմնավորել թվերով` ներկայացնելով դա տոկոսային հարաբերակցությամբ: Արդյունքում իշխանությունը հաղթելու է 60-65 տոկոսով: Դուք ինչպե՞ս կներկայացնեք իշխանության պարտությունը»:
Փաշինյանը այս հարցին այսպես պատասխանել է. «Սերժ Սարգսյանը ընտրություններում չի հաղթել և չի հաղթի: Սերժ Սարգսյանը իր թիմի հետ 2008 թվականին իրականացրել է պետական հեղաշրջում, և արձանագրենք, որ մենք` որպես ընդդիմություն, չենք կարողացել այդ հեղաշրջման արդյունքները վերացնել: Բայց դա չի նշանակում, թե մենք դրանից դադարեցնում ենք պայքարը: Այո, մենք ամեն օր պարտվում ենք: Սերժ Սարգսյանը և իշխանությունը շարունակո՞ւմ է տիրապետել, վայելել հեղաշրջման արդյունքը, ուրեմն, այո’, մենք պարտված ենք: 2008 թվականից մինչ օրս ամեն օր մենք պարտվել ենք, բայց այդ պարտությունների բեռը ավելի է ամրապնդում իրական հաղթանակի հասնելու մեր կամքը»:
Անդրադառնալով մամուլում վերջերս տարածված այն լուրերին, որ Փաշինյանի և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի միջև լարվածություն է նկատվում, Փաշինյանն ասաց, որ քննադատությունը` որպես ժողովրդավարության կարևոր գործիք, իսկապես խորը արմատներ կգցի ՀԱԿ-ում, ու հավելեց, որ որոշ փուլերում ինքը հստակ հայտնել է իր անհամաձայնությունը ինչ-որ հարցերի շուրջ, իսկ համարժեք անհամաձայնություն չի լսել ՀԱԿ-ի որևէ ներկայացուցչի կողմից:
«Ընդհանրապես երբ ինձ քննադատում են, և քննադատողները կամ ՀԱԿ-ից են լինում կամ կապված են լինում ՀԱԿ-ի հետ, դա միայն ինձ ուրախացնում է: Ես կարծում եմ, որ քննադատության մթնոլորտը այն է, ինչ անհրաժեշտ է ՀԱԿ-ին և երբեմն պակասել է ՀԱԿ-ից: Հարաբերությունները, լարվածություն… եթե այդ բառերը պիտի օգտագործենք կենցաղային իմաստով, մենք բացարձակապես իրականությունը նկարագրած չենք լինի: Եթե մենք լարվածություն ասելով նկատի ունենք բանավիճային լարվածությունը, կարծիքների տարբերությունը, ապա այդտեղ որ7է գաղտնիք չկա», – ասաց նա:
Փաշինյանն ասաց, որ չի կիսում սոցիալական ցանցերում տարածված մեղադրական այն հայտարարությունները, թե «ո՞ւր են հեղափոխականները, թող գան 7 հեղափոխություն անեն»: Նա ասաց, որ հեղափոխություն կանեն, բայց թե ովքեր կփորձեն օգնել իրենց կամ խանգարել, ովքեր կմասնակցեն կամ չեն մասնակցի այդ հեղափոխությանը, դա ժամանակի ընթացքում կերեւա:
Հարցերից մեկը 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մասին էր. «Ի՞նչ խղճով եք շարունակում ապրել, երբ ձեր հոգիներին ծանրացավ մարտի 1-ի զոհերի համար պատասխանատվությունը»:
«Այո, ես ինձ պատասխանատու եմ համարում այսօր էլ, որպեսզի Մարտի 1-ի սպանությունների համար մեղավորները պատժվեն: Ես ասել եմ, շարունակում եմ ասել, որ մարտի 1-ի հանցագործներին, 2008 թվականի մարտի 1-ի պետական հեղաշրջման կազմակերպիչներին, որի արդյունքում բռնազավթվեց իշխանությունը Հայաստանում, այդ խմբին քրեական և քաղաքական պատասխանատվության ենթարկելը համարում եմ իմ քաղաքական գործունեության առաջնահերթ նպատակներից մեկը», – ասաց Փաշինյանը:
Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի