ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը երեկ ամբողջ գիշեր սրտանց ներողություն է խնդրել աշխարհի բոլոր ոչխարներից, որ Հայաստանում դրամ ստանալով իր ընտանիքը վաճառող մարդկանց կոչել է ոչխար: Այս մասին Հայրիկյանն ասել է այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը:
«Նա, ով դրամ ստանալով` ձայնը տալիս է այդ դրամը տվողին, այլ ոչ թե ընտրում է իր համոզմունքներով, այդ մարդը հավասարազոր է այն տղամարդուն, որ իր կնոջն ու երեխաների դրամով վաճառում է: Հայրենիք վաճառելը ու հայրենիքի կառավարմանը մասնակցելու իրավունքը վաճառելը ավելի ահավոր է, քան սեփական կնոջը վաճառելը, կամ՝ հակառակը», – ասել է նախագահի թեկնածուն՝ հավելելով, որ մարդկանց այդ տեսակին ավելի խիստ անունով է պետք կոչել:
Նրա համոզմամբ՝ ոչ միայն գումար տվողն է տականք, որը փչացնում է դիմացինին, այլև ստացողն է իրեն դնում ծախու արարածի տեղ:
«Եթե որպես ազգ ու որպես մարդ ուզում ենք ապրել, պետք է ազատվենք այս երևույթից», – ասել է Հայրիկյանը:
Ինչ վերաբերում է դրամահավաքին՝ վերջինս նշել է, որ բնակարան այցելությունների ընթացքում դրամահավաքը անցյալում կատարած դրամահավաքից մի քանի անգամ պակաս է:
«Լավ է, կա, բավարար է, բայց նաև հաշվի ենք առնում, որ տոն օրեր էին, ու մարդիկ ծանր տնտեսական վիճակում էին, ու այդ օրերին պարտքեր էին վերցնում: Դրամահավաք իրականացնում ենք նաև էլեկտրոնային եղանակով, ու ասեմ, որ նվազագույն անհրաժեշտը ստացվում է հավաքել»,- ասել է Հայրիկյանն ու նշել, որ իրենք այս օրերին ճնշում չեն գործադրում, այլև նամակ են տալիս ու սպասում մարդկանց արձագանքին:
Հայրիկյանն ասել է նաև, որ իրենք իրենց համար բավական լուրջ հարցումներ են արել ու արձանագրել են հետաքրքիր անցումներ:
«Օրինակ՝ ՀՀԿ-ին ձայն տվածների միայն կեսն է այսօր ձայն տալու Սերժ Սարգսյանին, սական պետք է նշենք, որ ԲՀԿ-ից մի որոշ տոկոս ձայն է տալու Սերժ Սարգսյանին: Այնպես որ՝ անառողջ մոտեցումներ հետևանքով գոյություն ունեցող այսօրվա իրավիճակը կարող է փոխվել խոսքի ազատության պայմաններում», – ասել է ԱԻՄ առաջնորդը:
Նա ընդգծել է, որ ինքը պայքարելու է, որպեսզի Հայաստանը դառնա ոչ թե սերժորոշման կամ րաֆֆիորոշման, այլև ինքնորոշման երկիր:
«Այսօր էլ կարող է քաղաքացիների՝ Հայրիկայն նախագահի թեկնածուի շուրջը համախմբվելու առաջարկությունը սրընթաց զարգացում ապրել, և այդ դեպքում կարելի է խոսել մեկ փուլով ընտրություններն ավարտելու մասին, այլապես երկու փուլն անխուսափելի է»,- ընդգծել է բանախոսը:
Հայրիկյանը խոսել է կարգախոսների մասին և առանձնացրել մի քանիսը՝ նշելով, որ սրանցից յուրաքանչյուրը կարող է դառնալ ընտրություններում իր կարգախոսը՝ «Անկախ Հայաստանին հասցնողը պատրաստ է հասցնել նաև ազատ Հայաստանին», «Ինքնորոշումը անհատի և ազգի հզորության անհրաժեշտ ու բավարար նախապայմանն է», «Եկել է պատմական պահը – Պարույր Արշավիրի Հայրիկյան», «Հայրենյաց սուրբ սիրով մենք վեհանանք, Հայաստանն ազատենք»: