Home / Հայաստան / Ում կհասնեն ԲՀԿ-ի ձայները. Սոցիոլոգն ընտրություններին ցածր մասնակցություն է կանխատեսում

Ում կհասնեն ԲՀԿ-ի ձայները. Սոցիոլոգն ընտրություններին ցածր մասնակցություն է կանխատեսում

Հայաստանում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններով հետաքրքրված է բնակչության 52 տոկոսը: Այս մասին վկայում են սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի «Սոցիոմետր» կենտրոնի կատարած սոցիոլոգիական հարցումները:

Ըստ հարցման՝ հետաքրքրված բնակիչների 28 տոկոսը գիտի, թե ում է ընտրելու:  Ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին հայտնել են հարցվածների 32 տոկոսը:

Սոցիոլոգի խոսքով՝ դրանից ելնելով՝ ընտրարշավի հիմնական խնդիրն է լինելու չկողմնորոշված մարդկանց բերել ընտրատեղամաս:

«Այսօր եթե այդ 28 տոկոսը գան ընտրության՝ Սերժ Սարգսյանը կհավաքի 72 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 20 տոկոս, Հայրիկյանը՝ 3 տոկոս, 5-6 տոկոսը կման հարցականի տակ: Դա կարող է փայ հասնել Հրանտ Բագրատյանին և մնացած մասնակիցներին», – ասել է սոցիոլոգը:

Վերջինս նաև նշել է, որ այս հարցումն արվել է այն պահին, երբ Հրանտ  Բագրատյանը նոր էր հայտարարել իր առաջադրման մասին և ոչ բոլորը գիտեին, որ նա նախագահի թեկնածու է:

Ադիբեկյանի խոսքով՝ ԲՀԿ-ի 30 տոկոսանոց զանգվածի միայն 10 տոկոսն է որոշել գալ ընտրության, բայց ձայների վերաբաշխումը բավականին տարօրինակ է: 1/3-ը կգնա Սերժ Սարգսյանին, 1/3 –ը հնարավոր է բաժին հասնի Րաֆֆի Հովհաննիսյանին, մնացած 1/3-ը կարող է գնալ Հրանտ Բագրատյանին, կամ, Ադիբեկյանի խոսքով,  ընտրություններին մասնակից «թեթև քաշային» քաղաքացիներին:

Ադիբեկյանը նշել է, որ ընտրություններին մասնակցությունը բավական ցածր է լինելու, քանի որ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, կարծես, որոշել են բոյկոտել դրանք: