Հայ Ազգային Կոնգրեսի վերջին շրջանի գործունեությունը բազմաթիվ հարցեր է հարուցել, խոսակցությունների տեղիք տվել: «Քաղաքական տարին մեկնարկելիս» հոդվածի երրորդ հատվածն այսպես է սկսել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Առաջին և երկրորդ հատվածները Փաշինյանը հրապարակել էր «Հայկական ժամանակ» օրաթերթի նախորդ երկու համարներում:
Փաշինյանն ընդգծում է, որ խոսակցություններից մեկն այն է, թե իբր ինքը ինչ-որ ամբիացիաներ է խաղացրել Հայ Ազգային Կոնգրեսում, պահանջել է, որ լինի Կոնգրեսի թեկնածուն նախագահական ընտրություններում:
«Սա կատարյալ անհեթեթություն է, և հարկ է նկատել, որ Կոնգրեսի շրջանակներում իմ պահվածքը եղել է համեստ և որևէ կարգավիճակի համար երբեք կռիվ չեմ տվել, որևէ մեկից աջակցություն չեմ խնդրել, որևէ մեկին ակնարկ-նամյոկ չեմ արել, որևէ մեկին «վերբովկա» անելու փորձ չեմ ձեռնարկել: Իմ կողմից ամբիցիաներ խաղացնելու խոսակցություններն այլ կերպ, քան ցնորք, չեմ կարող որակել, դրանք տարածվել են, երբ իմ փաստարկներին հակափաստարկ չի եղել, և բանսարկությունն է եղել միակ հնարավոր հակակշիռը», – գրել է Փաշինյանը:
Նա նաև նշել է, որ նախագահական ընտրություններին իր առաջադրվելու մասին ինքը երբեք չի խոսել, ակնարկել կամ խոսել են ուրիշները, ինչին ինքը կամ խուսափողոկան կամ կտրուկ բացասական պատասխան է տվել, և մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել է, որ չի պատրաստվում առաջադրվել:
Փաշինյանն անդրադարձ է կատարել նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի գաղտնալսված զրույցին:
«Գաղտնալսման հետ կապված հստակ դիրքորոշում եմ արտահայտել և հրաժարվել քննարկել գաղտնալսված զրույցի բովանդակության հետ կապված որևէ հարց: Վերջերս, սակայն, ինձ լուրեր են հասնում, որ ինչ-որ մարդիկ այդ գաղտնալսման խմբակային լսումներ են կազմակերպում, և դա դարձնում իմ դեմ քստմնելի բամբասանքներ տարածելու վաղեմի գործելակերպի նոր աղբյուր: Եթե այս լուրերը հաստատվեն, ինքս էլ ազատված կզգամ տխռահռչակ զրույցի բովանդակությունը չքննարկելու գործելակերպից: Եվ, ի դեպ, սխալվում են բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե կխուսափեմ ինձ հետ կապված որևէ հարցի հրապարակային քննարկումից: Ոչ միայն չեմ խուսափի, այլև իմ հասցեին հնչած որևէ մեղադրանքի քարը քարին չեմ թողնի», – գրել է Փաշինյանը:
ԱԺ պատգամավորն ընդգծել է, որ գիտի, թե հարց է հնչելու՝ արդյոք իր հոդվածը նշանակում է, որ ինքը դուրս է գալիս ՀԱԿ-ից:
«Պատասխանը նույնն է՝ ոչ, չի նշանակում: Դուրս չեմ գալու Հայ Ազգային Կոնգրեսից, որովհետև Կոնգրեսում տնվոր չեմ և չեմ եղել: Բայց ընդգծեմ նաև, որ Կոնգրեսի ներսում որևէ «ամբիցիա» չեմ խաղացնելու, որևէ բանի համար չեմ պայքարելու, որևէ կարգավիճակի համար կռիվ չեմ տալու: Սա ասում եմ «նաֆսյակի», բանսարկության էքստրա չափաքանակի վիպուսկը կանխելու համար», – նշել է Նիկոլ Փաշինյանը:
Հոդվածի վերջին հատվածում Փաշինյանն անդրադարձել է իր հետագա անելիքներին:
«Ավելի լրջորեն եմ պայքարելու հանուն այն քաղաքացիական և քաղաքական գաղափարների, որ դրված էին 2008 թվականի Ազատության հրապարակի օրակարգում. Հայաստանը քոչարյանասերժական քստմնելի վարչակարգից ազատելու համար: Իմ մեջ հաստատուն է Հաղթանակի կամքը…Կարևորը չվախենալ պարտությունից, կարևորը՝ չվախենալ հաղթանակից…
Ինչպես 2011-ին Ազատության հրապարակում ասել եմ, եթե իմ որդին ապրի այն զգացողությամբ, ինչով ապրում է Արթուր Բաղդասարյանի որդին, ես ինքնասպանություն կգործեմ: Ինչպես բանտարկության ժամանակ, այսօր էլ կրկնում եմ՝ իմ կյանքը դրված է հանուն Ազատ և Երջանիկ Հայաստանի մղվող պայքարի զոհասեղանին, մինչև վերջ ու անմնացորդ պայքարելու եմ հանուն այնպիսի Հայաստանի կերտման, որն ապահով տուն և օջախ է իր զավակների համար, որը վեհության և նվիրումի է մղում իր որդիներին և ոչ թե թալանն ու ավերը, բամբասանքն ու բանսարկությունը դարձնում գաղափարական մոդել: Անմնացորդ պայքարելու եմ հանուն Սահմանադրական իրականության: Եվ դա լինելու է…
Եվ, թերևս, վերջին հարցը, որին պիտի պատասխանեմ. ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ եմ հիմա խոսում այս ամենի մասին: Պատասխանը, որքան էլ շատերը չեն կռահում, շատ պարզ է. ավարտվել է մի դրամատիկ քաղաքական շրջափուլ, երբ նախագահական ընտրությունները, ի հեճուկս մեր ջանքերի, լինելու են հերթական, և ՀՀ քաղաքացին, ի հեճուկս մեր խոստումների, չունի ռեալ այլընտրանք այդ ընտրություններում: Սա նշանակում է, որ եկել է քաղաքական նախորդ փուլն ամփոփելու և ամեն ինչ զրոյից սկսելու ժամանակը», – եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: