Իրավապահ մարմինները տեղյակ են, որ Հայաստանում գոյություն ունի մարդու օրգանների վաճառքով զբաղվող մաֆիա՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևի գլխավորությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Աշտարակի բնակիչ Կարեն Կարապետյանը, ով երեք տարի շարունակ պնդում է, որ իր կնոջ վիրահատության ժամանակ կարել են վերջինիս միզածորանը՝ առողջ երիկամը հանելու և հետագայում վաճառելու պատրվակ ստեղծելու համար: Կարապետյանի խոսքով՝ իրավապահ մարմիններն իրենց լռությամբ դառնում են կոալիցիոն գործընկերներ: Նա վստահ է, որ եթե իրավապահ մարմինները վերծանեն բժիշկների հեռախոսազանգերը, ապա կգտնեն ոչ միայն «կնքահորը», այլև երիկամի պոտենցիալ գնորդին:
Կարապետյանը շեշտել է, որ ինքը սպասում է քրեական գործի ավարտին, ու եթե մեղադրանք առաջադրվի, ապա ինքը դրանով կսահմանափակվի, հակառակ դեպքում կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Վաղեմության ժամկետ չկա. կատարվել է հանցագործություն, հանցագործը՝ Օկոևը, պետք է պատժվի ու փոխհատուցումը պետք է վճարվի: Փաստերը ներկայացնելու եմ, ու թող այնտեղ պարզեն՝ իրականում ինչ է եղել», – ասել է ամուսինը:
Նա նաև նշել է, որ իրեն չեն հետաքրքրում հետազոտության արդյունքները, նա պահանջում է վերադարձնել առանց իր համաձայնության հեռացրած կնոջ երիկամը:
Նշենք, որ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերքել է Օկոևի հասցեին հնչեցվող մեղադրանքը:
«Չկա նման բան և չի էլ կարող լինել նման բան, կարծեմ՝ Օկոևը սպառիչ պատասխան է տվել, և այս խնդիրը իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է եղել»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Օկոևի պարզաբանման մեջ նշված էր, որ ամուսինները նյութերն ուղարկել էին անկախ դատաբժշկական քննության` Գերմանիա, և այնտեղից ստացվել է եզրակացություն, որ վիրահատության ծավալը ընտրված է ճիշտ և եղած դեպքը միանշանակ համարվում է տվյալ միջամտությանը բնորոշ բարդություն, այլ ոչ թե բժշկական սխալ:
«Վերականգնողական վիրահատության ընթացքում Ն.Մաղաքյանը և նրա ամուսինը հրաժարվել են երիկամի պահպանման հետագա միջամտություններից և պնդել են երիկամի հեռացմանը: Կան համապատասխան գրառումներ բժշկական փաստաթղթերում», – ասված է Panorama.am կայքում հրապարակված պարզաբանման մեջ:
Լուսանկարում՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում արված երիկամի ռենտգեն հետազոտության արդյունքը