Home / Հայաստան / Կալանավայրերում աժիոտաժ է. ընտրություններից առաջ ներում են ակնկալում

Կալանավայրերում աժիոտաժ է. ընտրություններից առաջ ներում են ակնկալում

ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը ներման դիմումներ էին գրել Սերժ Սարգսյանին, իր այսօրվա համարում հիշեցնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ ընդգծելով, որ, համաձայն տարածած տեղեկությունների, նրանք կարող էին ազատ արձակվել մինչև 2012 թվականի վերջը:

«Ավելի ուշ խոսակցություններ տարածվեցին այն մասին, որ Ամանորից կամ նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը ներում է շնորհելու մի շարք անձանց, այդ թվում և վերոնշյալ երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Առ այսօր, սակայն, հայտնի չէ նրանց դիմումների ճակատագիրը: Երեկ Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը խնդրին առնչվող մեր հարցին ի պատասխան ասաց. «Ես այստեղ չէի, Նոր տարուն եմ եկել, իր մոտ էլ երկու ամիս է, չեմ գնացել, երևի եկող շաբաթ կգնամ, ինչ-որ բան կճշտեմ»», – գրում է թերթը:

«ՀԺ»-ի տեղեկություններով` կալանավայրերում բավական մեծ աժիոտաժ ու սպասումներ կան, որ նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը որոշ թվով անձանց պետք է ներում շնորհի: Ըստ թերթի աղբյուրների, բազմաթիվ կալանավորներ այս օրերին շտապում են ներման խնդրագրեր գրել Սերժ, Սարգսյանին. մի մասն էլ դեռ Ամանորից առաջ է գրել: