Այս տարի Ամանորյա տոների ընթացքում նախորդ տարիների համեմատ ավելի պակաս սննդային թունավորումներ են եղել: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Նրա խոսքով՝ գուցե նաև դրանում իր դերն է ունեցել տոներից առաջ նախարարության կախարգելիչ աշխատանքները: Նախարարը նշել է, որ դրանց ընթացքում բնակիչներին բացատրել են, որ ժամկետանց սնունդ չօգտագործեն, ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ:
«Իմ կարծիքով՝ մեր ազգանբնակչությունն արդեն գիտակցում է, որ իրենք իրենց առողջության պահպանման մասին պետք է մտահոգ լինեն և, առաջին հերթին, մտածեն, որ չի կարելի չարաշահել ալկոհոլային խմիչքներ, չի կարելի դրսում երկար մնալ, չնայած եղանակային պայմաններն էլ այս տարի նպաստավոր էին», – ասել է Դումանյանը:
Խոսելով նաև այս տարվա առողջապահության գերակա ուղղվածության մասին՝ նախարարն ասել է, որ իրենք խնդիրները մի քանի խմբի են բաժանել:
«Առաջնահերթ խնդիրների մեջ կառանձնացնեի այն, որ ուշադրություն ենք դարձնելու բժշկական որակի վրա: Հաջորդը՝ դեղերի ոլորտը լինելու է մեր ուշադրության կենտրոնում՝ ընդհուպ մինչև գնագոյացման քաղաքականության վարումը: Հաջորդը լինելու է մարզերի համաչափ զարգամացման ծրագիրը, երբ մենք կկարողանանք մարզերում ստեղծել համապատասխան բարձր որակավորում ունեցող բժշկական հաստատություններ, որոնք կարողանան լիարժեք բժշկական օգնություն ցուցաբերեն մեր գյուղաբնակ ազգաբնակչությանը: Եվ վերջապես մենք մեծ ուշադրություն ենք դարձնելու ֆինանսների արդյունավետ կառավարման վրա, որպեսզի կարողանանք եղած միջոցներով ավելի մեծ ծավալներ ընդգրկել մեր աշխատանքներում»,- ասել է նախարարը:
Դումանյանն ասել է, որ իրենց ուշադրության կենտրոնում են լինելու հատկապես ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման և բուժման աշխատանքները: Դրանք, առաջին հերթին, սիրտանոթային համակարգի հիվանդություններն են, չարորակ նորագոյացությունները և շաքարային դիաբետը:
«Այս երեք ուղղությունները մեզ խիստ անհագստացնում են, և մենք դրա վրա մեծ աշխատանքներ ենք տանելու: Ընդհանուր մահացության կառուցվածքում այդ երեք ուղղություններն առաջին երեք տեղերն են զբաղեցնում», – տեղեկացրել է Առողջապահության նախարարը: