Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկելու նպատակով Երևան է ժամանել ԵԱՀԿ/ ԺՄՀԻԳ առաքելությունը: Ներկայացուցչությունն այսօր առաջին պաշտոնական ասուլիսն է տվել՝ խոսելով դիտորդների խմբի կազմի և ընտրություններին անելիքների մասին: Առաքելության ղեկավար Հայդի Թալիավինին ասել է, որ պատվիրակությունը կազմված է ԵԱՀԿ 11 երկրները ներկայացնող 13 փորձագետներից, որոնք տեղակայվելու են Երևանում, ընտրությունների օրը Հայաստան է գալու 250 կարճաժամկետ և 24 երկարաժամկետ դիտորդ:
«Մենք դիտարկելու ենք ընտրարշավը, ընտրությունների վարչական կազմակերպումը, օրենսդրության կիրառումը, ԶԼՄ-ների աշխատանքը, ընտրական պրոցեսի հետ կապված դատական վեճերի լուծումը: Մենք մնալու ենք մինչև փետրվարի վերջ: Ընտրությունների երկրորդ փուլի դեպքում նաև այդ փուլը կդիտարկենք»,- ասել է Թալիավինին:
Առաքելության ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ, ՀՀ արտգործնախարարի հետ, նախատեսվում են հանդիպումներ քաղաքական ուժերի, թեկնածուների, ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Այն հարցին՝ արդյոք այն, որ երեք առաջատար քաղաքական ուժերը հրաժարվել են պայքարից, չի՞ հանգեցնի ոչ մրցակցային ընտրությունների՝ Թալիավինին պատասխանել է.
«Մեզ ընտրությունների արդյունքը չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է դրանց ընթացքը»:
Առաքելության ղեկավարը ասել է, որ դեռ վաղ է ասել, թե ՀՀ իշխանությունը նախորդ՝ մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո դիտորդների խորհրդով բարեփոխումներ իրականացրել են, թե ոչ:
«Մենք դեմ էինք ընտրություններով զբաղվող մարմնի ստեղծմանը մինչ փետրվարի նախագահական ընտրությունները, քանի որ շատ քիչ ժամանակ էր մնացել և չէինք կարող դրական արդյունքի հասնել: Սակայն ընտրություններից հետո պատրաստ ենք օգնել մեր փորձով ՀՀ իշխանությանը նման մարմնի ձևավորման հարցում»,- ասել է Հայդի Թալիավինին: