Զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի օգնական Գարիկ Կիրակոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու մեջ, ինչը դրսևորվել է սերժանտ Գ.Տոնապետյանին ծեծելու մեջ, հայտնում է «Փաստինֆո»-ն:
Նախաքննության տվյալներով՝ Գ.Կիրակոսյանը 2012թ. հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը մարտական հերթապահության մեջ է ընդգրկված եղել ‹‹Ավազահանք›› մարտական հենակետում: 2012 թ. հուլիսի 28-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում հենակետի դիտախորշում, առաջադրված մեղադրանքի համաձայն, նա անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը և վերադաս հրամանատարի կողմից դիտակետում դիտորդի սաղավարտը չկրելու համար դիտողության արժանանալու պատճառով, վրեժխնդիր լինելու համար ծեծի է ենթարկել իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող, նույն մարտական հենակետի դիտորդ, սերժանտ Տոնապետյանին:
Մեղադրական եզրակացության համաձայն` Գ. Կիրակոսյանն երկու անգամ սաղավարտով, այնուհետև 4-5 անգամ բռունցքներով հարվածել է սերժանտի գլխին՝ ձախ ականջախեցու քերծվածքի, արյունազեղման և գլխի ձախ ճակատագագաթային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Նախաքննության մարմինը Կիրակոսյանի կողմից Տոնապետյանին ծեծի ենթարկելը, ընդհանուր առմամբ, դիտել է որպես վերջինիս պատճառված էական վնաս, և Կիրակոսյանին մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության համար: