Այսօր ՀՀ կառավարությունում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
Վարչապետ շնորհավորել է կառավարության աշխատանքը լուսաբանող լրագրողներին և համոզմունք հայտնել, որ վերջին տարիներին ԶԼՄ-ների դերակատարությունը ենթարկվել է որակական փոփոխությունների:
«Քաղաքացիական հասարակության կայացումն առանց ԶԼՄ-ների գործուն մասնակցության անհնարին է: Եվ, ըստ էության, դուք այն չափանիշն եք, որով մենք կարող ենք դատել, թե որքանով է հասուն մեզանում քաղաքացիական հասարակությունը: Առաջին հերթին, դա պայմանավորված է այն ազատություններով, որոնք տիրում են այս բնագավառում: Կարծում եմ՝ կհամաձայնեք այն գնահատականի հետ, որ խոսքի ազատությունը վերջին տարիներին Հայաստանում էապես ամրապնդվել է: Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ների առջև կանգնում են խնդիրներ՝ արագ փոփոխվող աշխարհում կարողանալ ճիշտ կողմնորոշվել անորոշությունների մեջ և ճիշտ գնահատականեր տալ հանրությանը, ճիշտ ուղղորդել հանրությանը: Կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահում ձեր բոլոր վերլուծական նյութերը և հաճախակի անդրադառնում է քննադատություններին: Դուք տեսնում եք, որ հաճախակի են դարձել այն դեպքերը, երբ ձեր կողմից բարձրացված խնդիրները դառնում են կառավարության քննարկման առարկա և ստանում են լուծումներ»,- ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ ապագայում էլ նման համագործակցությունը նպաստելու է ԶԼՄ-ների կայացման գործընթացին: