Այսօր մի խումբ ատամնաբույժներ ՀՀ նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում նոր օրենքի դեմ՝ համաձայն որի ատամնաբույժները, այլ հարկերի հետ մեկտեղ, ստիպված են վճարել 80.000-100.000 դրամ՝ յուրաքանչյուր ատամնաբուժական բոռ-մեքենայի համար:
«Շատ վիրավորական և մի ահավոր հրաման է ստորագրվել նախագահի կողմից, որն ապացուցում է, որ մենք հաստատ դեպի ապահով Հայաստան անցնելու ճանապարհ չունենք: Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնց աշխատանքի կայացման համար մեկ լումա անգամ այս պետությունը ներդրում չի արել»,- լրագրողների հետ զրույցում ասել է 30 տարվա աշխատանքային ստաժ ունեցող բժիշկ-ստոմատոլոգ Մայրանուշ Բարսումյանը:
Խոսելով որոշման մասին՝ կինը մեջբերել է Գարեգին Նժդեի խոսքերը՝ որքան սոցիալապես ապահով է հասարակությունը, այնքան զորեղ է հայրենիքը: Բժշկուհու խոսքով՝ դա պետք է հիշի Հանրապետական կոսակցությունը, որն իրեն նժդեհական է համարում:
«Մենք այսօր մեր երկրում ոչինչ մեզանից չենք ներկայացնում: Մի քանի հոգի հավաքված կայացնում են որոշումներ, խաղում են մարդկային ճակատագրերի, աշխատատեղերի հետ: Ինչո՞ւ ես պիտի չաշխատեմ նրա համար, որ ինչ-որ մեկը այնտեղ վերևում հրաման է ստորագրել: Ո՞վ է թույլ տվել ոտնահարել մեր սահմանդրական իրավունքները: Դու չես ստեղծել իմ աշխատատեղը, դու չես ապահովել ինձ աշխատանքով, ո՞վ է իրավունք տվել հարկային դաշտին, որ մտնի որոշում կայացնի ու 80 000 էլ ավելացնի: Ինչո՞ւ»,- ասել է ատամնաբույժը:
Ակցիայի ընթացքում ատամնաբույժներին են մոտեցել մի քանի ոստիկաններ և տեղեկացրել, որ իրենց նախագահականում կընդունեն: Բժիշկներից մի քանիսին ուղեկցել են դեպի նախագահական նստավայր:
Ատամնաբույժներից Գայանե Պանրիկյանը ավելի ուշ Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ նախագահականում իրենց ընդունել է նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանը: Վերջինս գրանցել է ատամնաբույժների բողոքը և խոստացել մի քանի օրից պատասխանն ուղարկել: