Հայաստանյան ներկա վիճակը ներքաղաքական բաղադրիչ չունի կամ գրեթե չունի. եղածը խարդավանքների և արտաքին կառավարման դաշտում է: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Պահպանողական կուսակցության անդամ, ՀԱԿ նախկին անդամ Միքայել Հայրապետյանը՝ գնահատական տալով ընտրությունների նախաշեմին ստեղծված ներքականան իրավիճակին:
Պատասխանելով այն հարցին, թե տրամաբանական և ճիշտ է արդյոք մի շարք ուժերի կողմից նախաձեռնած բոյկոտը՝ Հայրապետյանն ասել է. «Բոյկոտը լրջագույն քաղաքական մեթոդ է, դա քաղաքացիական անհնազանդության և ապստամբության նախաշեմն է, որին, եթե այսպես սիրողական կամ գավառական մոտեցում է ցուցաբերվում, ապա վերաբերում եմ արհամարհանքով»:
Հայրապետյանը նշել է, որ կուսակցության ղեկավար մարմինն ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու կերպի մասին դեռևս որոշում չունի, ուստի ինքը լիազորություն չունի բացառել թեկնածու Հրանտ Բագրատյանին կամ մեկ այլ թեկնածուին սատարելը:
Ինչ վերաբերում է հետընտրական ժամանակահատվածին, ապա, Պահպանողական կուսակցության նախագահի խոսքով, ընտրություններից հետո հայաստանյան ընդդիմությունը կշարունակի մնալ նույնքան ողորմելի, դրսի ուժերից նույնքան կախված, որքան եղել է մինչև այսօր:
«Ընդդիմությունը հայելային անդրադարձն է իշխանության: Հետևաբար, այս ընդդիմությունը չէ, որ պետք է պայքարի այս իշխանության դեմ. որ օրն ընկնի այս իշխանությունը, նույն օրը կմեռնի և այս ընդդիմությունը: Եվ հակառակը: Իսկ դա հասկանում են բոլորը և պայքարում հանուն միմյանց՝ առանց միջոցների մեջ խտրություն դնելու», – եզրափակել է Հայրապետյանը:
Լուսանկարը՝ aravot.am