հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Երկու ղարաբաղցիների պայքարն անընդունելի է Ռոբերտ Քոչարյանի համար

Երկու ղարաբաղցիների պայքարն անընդունելի է Ռոբերտ Քոչարյանի համար

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում բացատրել է՝ ինչու է որոշել չմասնակցել փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին և ընդհանրապես ձեռնպահ մնալ ակտիվ քաղաքականություն վերադառնալուց:

Նախկին նախագահն իր գործողությունները պայմանավորել է երեք հիմնական հանգամանքով:

«Առաջինը` իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջև ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա: Բացի այդ, ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին որպես հաջորդողի, և վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է:

Երկրորդը` չէի ցանկանում մասնակցել իշխանության պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ և, վստահ եմ, երկրի համար վնասակար ձևաչափի կազմավորմանը:

Եվ երրորդը: Քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առևտրի: Իսկ դա ամենևին էլ այն չէ, ինչի համար ես կուզենայի ծախսել ժամանակս, գիտելիքներս ու փորձս:

Սրանք, իհարկե, հիմնարար գործոններ չեն, բայց ես համարեցի, որ դրանք էմոցիոնալ և էթիկական տեսանկյունից բավականաչափ ծանրակշիռ են: Այդ պատճառով էլ սահմանափակվում էի կարճ հարցազրույցներով, այն էլ միայն այն դեպքերում, երբ իրավիճակին չարձագանքելն ուղղակի անհասկանալի կլիներ», – ասել է Քոչարյանը:

Ինչ վերաբերում է «հիմնարար գործոններին», ապա, Քոչարյանի խոսքով, դրանք  այսօր էլ լավատեսություն չեն ներշնչում:

«Հայաստանից բնակչության արտահոսքի տեմպերը չեն կրճատվում, և սա արդեն նման չէ աշխատանքային միգրացիայի: Ցածր ծնելիության և ծերացող բնակչության պարագայում սա չափազանց վտանգավոր միտում է: Պատահական չէ, որ միգրացիան երկրի առողջական վիճակի կարդիոգրամմա է համարվում:

Տնտեսությունը սկսել է աճել, բայց արդյո՞ք այդ աճը կայուն կլինի նվազող ներդրումների պայմաններում, և որքանո՞վ է այն պայմանավորված լինելու պարտքերի կուտակմամբ: Չէ՞ որ նույնիսկ ՀՆԱ-ի 2012թ. սպասվելիք 7% աճի պարագայում մենք համադրելի թվերով չենք հասնելու 2008թ. մակարդակին (98%), հատկապես ՀՆԱ-ի հանդեպ պետական պարտքի ավելի քան եռակի աճի պայմաններում (այն էլ` պարտքի կառուցվածքի վատթարացմամբ): Ի դեպ, տնտեսության համար լուրջ դրական գործոն կարող է հանդիսանալ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը Աբխազիայով, ինչը հնարավոր է դառնում Վրաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո»,- ասել է նախկին նախագահը:

Ինչ վերաբերում է քաղաքական մրցակցությանը, ապա, Քոչարյանի խոսքով,  ընտրություններից առաջ այն տիկնիկային է դարձել, ինչը չի կարող նպաստել իշխանության արդյունավետ աշխատանքին և անտարբերություն է ծնում հասարակության մեջ:

«Հայտնի է, որ առանց մրցակցության իշխանությունը գուցեև հանգիստ է քնում, բայց ժողովուրդը, որպես կանոն, վատ է ապրում:

Կառավարության հանգիստ ու հանդարտ ջանքերով շատ դժվար է լինելու կոտրել այս միտումները: Մեզ շատ ավելին է պետք: Այն, ինչը կմոբիլիզացնի հասարակությանը, հավատ կներշնչի և կմղի գործողությունների: Հուսով եմ, որ իշխանությունը կհաղթահարի այս մարտահրավերները», – եզրափակել է Քոչարյանը: