Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանը, ով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է, շաբաթ օրը՝ հունվարի 12-ի երեկոյան, համայնքի ղեկավարներին իր մոտ է հրավիրել և հայտնել է, որ առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ իրենք պետք է աշխատեն ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Սերժ Սարգսյանի համար: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
«Նիստին ներկա գտնվողներն անգամ ելույթներ են ունեցել՝ ի պաշտպանություն ՀՀԿ առաջնորդի: Հանդիպմանը մասնակցել են նաև Աբովյանի ՀՀԿ խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի օգնական Գեղամ Հայրապետյանը, Նոր Գյուղ համայնքի ղեկավար Գրիշա Թադևոսյանը», – գրում է թերթը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գրիշա Թադևոսյանը հաստատել է, որ Գուլոյանի մոտ նիստ է եղել՝ նվիրված նախագահական ընտրություններին: Թերթի հարցին, թե կոնկրետ ինչ է հանձնարարվել իրեն, Թադևոսյանը հրաժարվել է պատասխանել:
Իսկ ահա Կոտայքի մարզպետի օգնական Գեղամ Հայրապետյանն ասել է, թե նման նիստ չի եղել: Քաղաքապետի հեռախոսն էլ անջատված է եղել, նշում է թերթը: