Երկուշաբթի՝ հունվարի 14-ին, Վրաստանի դատախազությունը հայտարարել է երկրի Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումների մասին, գրում է Georgia Online-ը: Համաձայն դատախազության տվյալների, ռազմական ոստիկանության ներկայացուցիչները գաղտնի ցանց էին ստեղծել, որի մեջ մտնում էին նույնասեռականները:
«Հետաքննությունը պարզել է, որ Ռազմական ոստիկանության դեպարտամենտի նախկին ղեկավար Մեգիս Կարդավայի հրամանով բարձրաստիճան պաշտոնյաները ապօրինի կերպով տեղեկատվություն էին հավաքում նույնասեռականների մասին, գաղտնի տեսագրում էին նրանց անձնական կյանքից հատվածներ, որից հետո շանտաժի էին դիմում՝ ստիպելով նրանց համագործակցել հատուկ ծառայությունների հետ», – ասված է դատախազության հաղորդագրության մեջ:
Քննվող գործը վերաբերում է 2012 թվականի հոկտեմբերի 1-ին կայացած Վրաստանի խորհրդարանական ընտրություններին նախորդող ժամանակահատվածին:
Դատախազությունը նշում է նաև, որ ռազմական ոստիկանության գործակալները կապ էին հաստատում «հասարակությունում հայտնի մարդկանց հետ», նրանց հրավիրում էին հատուկ բնակարաններ, որտեղ էլ իրականացվում էր նկարահանումը, իսկ հրավիրվածներն այդ մասին չէին իմանում:
«Ավելի ուշ զոհերն իրենց անձնական կյանքի մանրամասների հրապարակումից խուսափելու համար համաձայնում էին լոյալ վերաբերմունք դրսևորել այն ժամանակ գոյություն ունեցող քաղաքական ռեժիմի հանդեպ և մասնակցել տարբեր միջոցառումների, որը միտված էր քարոզել այդ քաղաքական ուժը», – հայտարարել է դատախազությունը:
Այս պահի դրությամբ քննությունն ունի նման մի քանի տեսաձայնագրություն: Մի քանի դրվագ ցուցադրվել է հեռուստաեթերով, մասնակիցների դեմքերը փակ են եղել:
Գործով բերման են ենթարկվել ռազմական ոստիկանության 3 բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց բաց են թողել 20 հազար լարի (մոտ 12 հազար դոլար) գրավի դիմաց: