Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) անդամ Գրիգոր Հարությունյանը ճիշտ է համարում Հայ ազգային կոնգրեսի՝ նախագահական ընտրությունների վերաբերյալ կայացրած որոշումը՝ չառաջադրել և չսատարել որևէ թեկնածուի, այդ թվում՝ ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանին: «Հրապարակ» թերթի հետ զրույցում Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ նման որոշումը չի կարող ճգնաժամ առաջացնել ՀԱԿ-ում:
«Այս առիթով ես կարծիք հայտնել եմ և համոզված եմ, որ ընտրությունները ընտրություն չեն լինելու, դա սոսկ միջոցառում է, ավելին՝ կարծում եմ, որ ոչ մեկը չպետք է մասնակցեր, և Սերժ Սարգսյանն ընտրության գնար միայնակ», – ասել է ՀԺԿ ներկայացուցիչը:
Նրա համոզմամբ՝ Հայաստանում անիմաստ է փորձել իշխանություն ձևավորել ընտրությունների միջոցով:
Հարցին՝ անիմաստ չէ՞ր այդ դեպքում մասնակցել խորհրդարանական ընտրություններին, Հարությունյանը պատասխանել է. «Իմ անձնական կարծիքով՝ դա էլ ընտրություն չէր, ես ինքս ՀԱԿ ընտրացուցակում եղել եմ, բայց այդպես եմ կարծում… պիտի բոյկոտել բոլոր դեպքերում՝ լինի խորհրդարանական, նախագահական»:
Միակ ելքը քաղաքական գործիչը տեսնում է ժողովրդական շարժման մեջ. «Պետք է ամեն դեպքում լուրջ շարժում լինի մասսաների, և ստիպեն իշխանություններին, որ նրանք նորմալ արտահերթ ընտրություններ անցկացնեն, հերթական ընտրություններով ոչինչ չի լինի»:
Հարությունյանը նաև չի բացառել, որ առաջիկա ամիսներին ՀԱԿ-ը կրկին ազատության հարթակ կվերադառնա: