ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հույս ունի, որ փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունները Հայաստանում արդար կանցնեն: Այս մասին նա ասել է «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ նման հույսերի համար հիմք են հանդիսանում մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունները: Ըստ Հեֆերնի՝ այդ ընտրություններում որոշակի առաջընթաց է գրանցվել, հատկապես ԶԼՄ-ներում լուսաբանման հարցում: Դեսպանը նշել է, որ ինքը հանդիպել է ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ, և վերջիններս ընդունել են, որ հանրային հեռուսատեսությունը հավասար պայմաններ է ապահովել քարոզարշավի համար:
Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններին՝ Ջոն Հեֆերնը վերահաստատել է ԱՄՆ-ի դիրքորոշումն այդ հարցում. «Ինչպես Հիլարի Քլինտոնն ասել էր իր այցի ժամանակ՝ այժմ գնդակը Թուրքիայի դաշտում է: Արձանագրությունները փոփոխություն գրանցեցին, և կարծում եմ, որ հետագա ընթացքը ևս կախված է նրանից, թե ինչ կլինի արձանագրությունների հետ»,- ասել է Հեֆերնը: