Home / Հայաստան / Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանրությանը փաստաթուղթ ներկայացնել

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանրությանը փաստաթուղթ ներկայացնել

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջիկայում պատրաստվում է քաղաքացիական փաստաթղթի նախագիծ ներկայացնել հանրությանը: Այս մասին նա այսօր հայտարարություն է տարածել nikolpashinyan.com կայքում:

««Ground zero» և «Քաղաքական տարին մեկնարկելիս» հոդվածներիս քննարկումը վկայում է, որ արծարծված հարցերը հրատապ են և հուզում են հանրության լայն շերտերին: Հոդվածների կապակցությամբ եղել են նաև քննադատություններ, որոնց հետևել եմ ուշադրությամբ ու հարգանքով:

Հարկ եմ համարում ընդգծել, որ չեմ հանդիպել այնպիսի քննադատական հարցադրումների, որոնց պատասխաններն ուղղակի կամ անուղղակի տրված չլինեին հենց հոդվածներում, ինչը նշանակում է, որ դրանց անդրադառնալու անհրաժեշտություն չկա:

Ներկայումս առաջնային է դառնում հանուն Ազատ և Երջանիկ Հայաստանի մղվող քաղաքացիական պայքարի հետագա կազմակերպման մասին խոսակցությունը: Վերահաստատելով Ազատության հրապարակում ստանձնած պարտավորություններս, առաջիկայում հանրության դատին կներկայացնեմ քաղաքացիական փաստաթղթի նախագիծ, ինչի վերաբերյալ ակնկալում եմ շահագրգիռ քննարկում», – գրել է Փաշինյանը: