Այսօր գլխավոր դատախազության շենքի մոտ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներն ու ակտիվիստները անցկացրեցին իրենց այս տարվա առաջին բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի և ՀԱԿ-ի մյուս երեք ակտիվսիտների, որոնց ևս սպառնում է ազատազրկում:
ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ելույթում հայտարարել է, որ այսօրվա իշխանությունները հասան իրենց նպատակին. Սերժ Սարգսյանի ամենամեծ նվաճումն այն է, որ նա, ըստ էության, ոչնչացրեց ընտրական համակարգը Հայաստանում: Զուրաբյանի խոսքով՝ դա է պատճառը, որ այսօր Հայաստանի բոլոր հիմնական քաղաքական ուժերը հրաժարվել են մասնակցել նախագահական ընտրություններին:
Արձագանքելով Կոնգրեսի «վախճանի» մասին խոսակցություններին, Զուրաբյանն ասել է. «Հերթական անգամ սկսել են թաղել Կոնգրեսին: Հերթական անգամ ինչ-որ մարդիկ, որոնց ներվերը չեն դիմանում, որոնք հոգնած են, միգուցե, որոնք միգուցե, չեն հասել իրենց երազանքներին, հերթական անգամ սկսում են խոսել այն մասին, որ Կոնգրեսը փլուզվում է, տապալվում է, պառակտվում է, ճգնաժամի մեջ է, իսկ ամենահետաքրքրականն այն է, որ այս խոսակցությունները անմիջապես ուրախությամբ, չարախնդությամբ տիրաժավորվում են իշխանական քարոզչամեքենայի կողմից»:
Զուրաբյանի խոսքով՝ ցանկացած շարժում ունի վայրիվերումներ, և դա օգտագործվում է իշխանական քարոզչամեքենայի կողմից՝ Կոնգրեսի համակիրներին բարոյազրկելու համար: ՀԱԿ համակարգողը, սակայն, հայտարարել է, որ իրենք վաղուց կոփված են և հասկանում են, որ բոլոր այն մարդիկ, որոնք չեն դիմանում պայքարի համառությանը, պետք է գնան հանգստի և ոչ թե փորձեն պախարակել Շարժումը:
«Որովհետև հանգստանալուց և սթափ մտածելուց հետո, միգուցե, նորից գան ու միանան թափ առած Շարժմանը: Դա է իմ խորհուրդն իրենց: Մի՛ ներվայնացեք, ափալ-թափալ շարժումներ մի արեք, մի քիչ լռեք, մտածեք, սթափվեք, որովհետև, միևնույնն է, փոշմանելու եք ձեր արած քայլերի համար: Որովհետև այս դիմադրության շարժումը, որը մենք Հայաստանում ստեղծել ենք, շարունակվելու է և հաղթելու է»,- ասել է Լևոն Զուրաբյանը:
«Եվ նրանք ովքեր կասկածում են, որ ՀԱԿ-ը կա և մնալու է մեր համաժողովրդական շարժման լիդերը և ունակ լիդերը՝ կհամոզվեն դրանում: Եթե կասկածողներ կան, մարտի 1-ին, երբ ՀԱԿ-ն Ազատության հրապարակում կազմակերպի իր ավանդական հրապարակային միջոցառումը, որին կհետևի ավանդական երթը՝ դեպի Մյասնիկյանի արձան, այ էդ ժամանակ կհասկանան, որ ոնց որ տասնյակ հազարավոր մարդիկ եղել են այս շարժման մեջ, այդպես էլ շարունակում են մնալ, և իրենց վճռականությունն է, որ բերելու է մեզ հաղթանակի»,- ասել է Լևոն Զուրաբյանը:
Խոսելով Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների մասին, որոնք հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների համար, Զուրաբյանն ասել է, որ նրանք մակարդակով ավելի բարձր են իշխանության «էլիտայից»:
«ԱԺ-ի պատգամավորների հետ ես շփվում եմ, նրանցից բոլորից տասը գլուխ բարձր են մեր այս երիտասարդները, հենց իրենց քաղաքական կապակցված խոսք ասելու կարողությամբ, գրագիտությամբ, ընդհանրապես իրենց քաղաքացիական դիրքորոշմամբ: Այս տղաներն են մեր ապագան և այս տղաներն են, որ ինձ մշտապես հույս են տալիս, որ մեր շարժումը այս մեր դիմադրության շարժումը երբեք չի մեռնի»,- հավելել է ՀԱԿ համակարգողը: Նրա ելույթից հետո ակցիայի մասնակիցները վանկարկել են «Պայքար, պայքար մինչև վերջ», «Պայքար, մինչև Անսերժ Հայաստան» և այլ կարգախոսներ: