Սերժ Սարգսյանին որևէ օլիգարխ հաղթել չի կարող, որովհետև ամենամեծ օլիգարխը հենց Սերժ Սարգսյանն է. նրան կարող է հաղթել միայն Հայաստանի ցանկացած քաղաքացի ու կարող են հաղթել ոչ թե փողով, այլ ընդամենը 4 դրամով, որովհետև, եթե հաշվենք, որ Հայաստանում մոտավորապես 2 միլիոն մարդ կա, ինչը բազմապատկելով 4-ով, ստանում ենք 8 միլին դրամ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:
«Սերժ Սարգսյան, Միքայել Մինասյան, եթե ձեզ հաջողվեց ստիպել որոշ մարդկանց չառաջադրվել, ապա ինձ ստիպել չեք կարող: Ես գնալու եմ մինչև վերջ: Այս ռեժիմը ամեն ինչ արել է, որ Հայաստանում վերանա ամեն ինչ: Մենք տեսնում ենք, որ որևէ մեկը հույս չունի, քաղաքացիներից որևէ մեկը իր ապագան չի կապում այս երկրի հետ», – ասել է բանախոսը:
Նա կոչ է արել բոլոր թեկնածուներին միասնաբար հանել իրենց թեկնածությունը ու հրավիրել նոր ընտրություններ:
«Ես ինքս խոստանում եմ՝ չեմ առաջադրվի: Սերժ Սարգսյանից ընդամենը պահանջում եմ, կամ ասենք՝ ինքն էլ չառաջադրվի ու ստեղծի հավասար պայմաններ՝ ապահովի արդար ընտրություններ, ու թող Հայաստանի չորրորդ նախագահը լինի լեգիտիմ: Կոչ եմ անում Սերժ Սարգսյանին՝ մնալ պատմության մեջ մի նախագահ, որը չի ավարտի իր կարիերան Քադաֆֆի նման», – ասել Հարությունյանը: