Տավուշի մարզի Իծաքար գյուղի 38-ամյա բնակիչ Ռոբերտ Հարությունյանը և Պառավաքար գյուղի 34-ամյա բնակիչ Սամվել Գրիգորյանը մեղադրվում էին այն բանում, որ 2011 թվականի դեկտեմբերից մինչև 2012թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում սեռական հարաբերություն են ունեցել Իծաքար գյուղի բնակչուհի, 1996թ. նոյեմբերին ծնված Տ.Գ.-ի հետ: Երկու տղամարդիկ էլ ամուսնացած են, Հարությունյանը չի աշխատում, իսկ Գրիգորյանը պայմանագրային զինծառայող է, հայտնում է Aravot.am-ը:
Վերջինս դատարանում պաշտպան չուներ, Հարությունյանն օգտվում էր պաշտպանի ծառայություններից:
Հարությունյանն ընդհանրապես իր մեղքը չի ընդունել, իսկ Գրիգորյանն ընդունել է մասամբ: Ամբաստանյալները մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով («Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ»), որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուր հիսունապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Դատավոր Զոյա Զաքինյանի որոշմամբ՝ դատավարությունն անցկացվել է դռնփակ: Հունվարի 17-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը Սամվել Գրիգորյանին և Ռոբերտ Հարությունյանին դատապարտել է 150-ական հազար դրամի տուգանքի: Դատարանը դատավճիռ կայացնելիս հաշվի է առել, որ Սամվել Գրիգորյանը անչափահաս 5, Ռոբերտ Հարությունյանը ՝ 2 երեխա ունի, նրանք նախկինում դատված չեն եղել, բնութագրվում են դրականորեն: